Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել
EconomicsԱվստրալիայի իշխանությունը մեկ միլիարդ ավստրալիական դոլար (653 միլիոն ԱՄՆ դոլար) կուղղի երկրում արևային վահանակների արտադրության ընդլայնմանը։
Ավստրալիայի վարչապետ Ալբանեզը նշել է, որ արևային վահանակների արտադրության «Սոլար սան շոթ» նախագիծը թույլ կտա այդ երկրին ստեղծել և ընդլայնել արևային էներգիայի առաքումների գլոբալ շղթան։ Վարչապետը նշել է, որ այդ երկրում անհրաժեշտ բոլոր մետաղներն ու միներալներն արդյունահանվում են, որոնք կարող են առանցքային դեր խաղալ արևային սարքավորումների արտադրության մեջ։ Բացի այդ, Ավստրալիան ունի հուսալի արտադրողի և արտահանողի փորձ և հեղինակություն։
Ներկայումս ամեն երրորդ ավստրալիական ընտանիքն արևային վահանակներ ունի և դա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է, բայց այս վահանկների միայն 1 %-ն է արտադրվել Ավստրալիայում։ Ընդհանուր առմամբ 3.7 միլիոն ավստրալիական տների տանիքներին արևային վահանակներ կան, դա աշխարհի ամենաբարձր ցուցանիշն է։
Միայն Ադելաիդայում գտնվող «Տինդո սոլար» ընկերությունն է, որ զբաղվում է արևային վահանակների արտադրությամբ, մնացած մասը ստացվում է Չինաստանից, և Ավստրալիան փորձում է այժմ փոխել իրերի այդ դրությունը։
Ընդհանուր առմամբ առաջին փուլում 275 միլիոն ավստրալիական դոլար (մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլար) է ներդրվելու համապատասխան գործարանների կառուցման համար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Սոնա Պողոսյան