Ադրբեջանական հեռուստաընկերությունը ցույց չտվեց վիճահարույց հարցազրույցները
AnalysisԱդրբեջանական հեռուստատեսությունը շաբաթներ առաջ անոնս էր արել՝ ադրբեջանական բանտում պահվող Արցախի նախկին ղեկավարների հարցազրույցների մասին։ Այն պետք է եթեր հեռարձակվեր երեկ երեկոյան, սակայն այդպես էլ «ԱԶ» թիվիի եթերում չհայտնվեց։
Ըստ անոնսի՝ ադրբեջանցիները հարցազրույցներ էին արել Բաքվի բանտում պահվող և գերեվարված Արցախի նախկին նախագահ՝ Արայիկ Հարությունյանի և պաշտպանության բանակի նախկին հրամանատար՝ Լևոն Մնացականյանի հետ։ Թե ինչո՞ւ եթեր չի հեռարձակվել հաղորդումը` հեռուստաալիքից հայտարարել են, թե դա միայն իրենցից կախված չէ։
Անհրաժեշտ է հարցազրույցի հրապարակման համար որոշ ճշտումներ անել,- նշել են ադրբեջանական հեռուստաալիքից։ Ըստ երևույթին Բաքվում հասկացել են, որ պարտադրանքի և սպառնալիքի տակ վերցրած հարցազրույցները ոչ թե Հայաստանում հուսահատության և հիասթափության նոր ալիք է բարձրացնելու, այլ ընդհակառակը, նպաստելու է ժողովրդական համախմբմանը։
Ի վերջո, Հայաստանի ցանկացած քաղաքացի հասկանում է, որ ի՞նչ էլ որ այդ հաղորդմանը հայտարարեն Արցախի նախկին ռազմաքաղաքական իշխանության տարբեր ներկայացուցիչներ` դա չի կարող ճշմարտություն լինել, քանի որ ցուցմունքները և պատասխանները կորզվել են չափազանց ծայրահեղ իրավիճակում, գերության մեջ։
Անգամ Ժնևի կոնվենցիան է դատապարտում գերիներից հարցազրույց վերցնելու, նրանց պարտադրաբար հանրության աչքի առջև հարցաքննելու պրակտիկան։ Միգուցե Ադրբեջանը հասկացել է, որ իր քայը շատ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ իր համար, քան ազդել Հայաստանի բնակչության վրա։
Արմինե Մանուկյան