Թուրքիայում առաջին լողացող էլեկտրակայանն են ստեղծել
EconomicsԹուրքիայում առաջին լողացող էլեկտրակայանն են ստեղծել: Այն կառուցվել է Էլիազխ շրջանում, Քեբան ամբարտակի վրա։
Թուրքական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ գյուղատնտեսության նախարար Իբրահամ Յումաքրան հայտարարել է, թե արևային էներգիայի համակարգը, որն իրենք տեղադրել են ջրամբարի վրա, մաքուր էներգիա է արտադրում և դա 10 %-ով ավելի արդյունավետ է, քան վերգետնյա էներգետիկ համակարգերը։ Իհարկե, այսպիսի ջրամբարներ կառուցվելու են որոշակի նոր պլանավորմամբ։
Նախարարը նշել է, որ արևային էներգիայի զարգացման առումով` լողացող էլեկտրակայանները չափազանց կարևոր են ոչ միայն էներգիայի արտադրման, այլ նաև ջրամբարներում ջրի որակի և ծավալի պահպանման տեսանկյունից։ Լողացող էլեկտրակայանները թույլ են տալիս ավելի քիչ ջրի գոլորշիացում, ինչն էլ զգալիորեն դրական է ազդում ընդհանուր էկո համակարգի վրա։
Առաջին լողացող էլեկտրակայանի հաջողության դեպքում` թուրքական իշխանությունները պատրաստ են նոր նախաձեռնություն սկսել արևային լողացող էլեկտրակայաններ կառուցելու ուղղությամբ, ընդ որում նշվել է, որ չափազանց կարևոր է, որպեսզի սարքավորումները ձեռք բերվեն ոչ միայն Չինաստանից կամ այլ երկրներից, այլ նաև հենց տեղում արտադրվեն։ Դրա համար այժմ երկրաբանական հետախուզում է իրականացվում երկրի մի քանի շրջաններում` անհրաժեշտ հանքանյութեր հայտնաբերելու, դրանք արևային տեխնոլոգիաների մեջ կիրառելու նպատակով։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պապինյան