Տպավորիչ մրցելույթներ Իտալիայում՝ ԶՊՄԿ հովանավորությամբ
SocietyԱրդեն ավանդույթ է դարձել, որ քիք-բոքսինգի Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ ակումբի սաները միջազգային մրցումներից վերադառնում են տարբեր փայլի մեդալներով։ Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ։ Մարտի 21-ից-24-ը Իտալիայի Եզոլո Լիդո քաղաքում անցկացվեց WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին յոթ մարզիկով մասնակցեց Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք֊բոքսինգի ակումբը՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանի և մարզիչ, ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Վիկտոր Խաչատրյանի։ Նրանց սաները նվաճեցին տասը մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե, 2 բրոնզե։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին կապանցի մարզիկները:
Առաջինը հաջողության հասավ և պատվո պատվանդանի ամենավերին հարթակին կանգնեց Տիգրան Մուշկամբարյանը՝ լայթ մրցաձևով։ Այնուհետև հաղթող և մրցանակակիրներ դարձան Սերժ Պապյանը լայթ (1-ին տեղ), քիք լայթ (2-րդ տեղ), Մարկ Միքայելյանը՝ լայթ (2-րդ տեղ), քիք լայթ (1-ին տեղ), Տիգրան Դավթյանը քիք լայթ (1-ին տեղ), Սամվել Արզումանյանը՝ լայթ (2-րդ տեղ), քիք լայթ 2-րդ տեղ, Ռոման Գրիգորյանը՝ քիք լայթ (3-րդ տեղ), Արթուր Հովհաննիսյանը քիք լայթ (3-րդ տեղ):
Ակումբի պատվավոր նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը մրցավայր էր մեկնել և իր ներկայությամբ ոգևորեց պատանի մարզիկներին:
Ակումբի սաներն ու նրանց ծնողները, մարզիչները երախտագիտություն են հայտնում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին՝ բարի կամեցողության և այս անգամվա մրցման մասնակցությունը հովանավորելու համար:
Վահրամ Օրբելյան