«Թռչող» վերնազգեստ. ի՞նչ փոփոխություններ է այն կրելը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ էության, ջեմպրի պատմությունը անքակտելիորեն կապված է նրա «նախահոր»՝ սվիտերի պատմության հետ։ Դրանք սովորական մարդկանց՝ մասնավորաբար ձկնորսների հագուստներն էին, որոնք պատրաստվում էին ոչխարի, այծի և լամայի բրդից։ Ի դեպ, սվիտերն ամերիկացի հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի սիրելի հագուստն էր։ Ժամանակի ընթացքում հագուստի այդ տարրը զարգացել է՝ աշխարհին բացահայտելով ջեմպրը, ռեգլանը, ժիլետը և իր այլ տեսակները: Ջեմպրը հայտնվել է 19-րդ դարի վերջին՝ որպես սպորտային հագուստի տարր։ Անգլերենից թարգմանված «jumper» նշանակում է «թռչող», և այն եղել է թեթևատլետ մարզիկների սիրելի հագուստը:
Ջեմպրը նույն սվիտերն է, միայն թե առանց հաստ օձիքի։ Նրա հիմնական առավելություններն են պարզությունն ու թեթևությունը։ Ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել ժողովրդականություն և դարձել տղամարդկանց և կանանց զգեստապահարանի անբաժանելի մասը: Հավանաբար, այսօր աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր առօրյա կյանքում չեն կրում ջեմպր։ Ջեմպրը հիանալի տարբերակ է ժամանցի համար: Ստանդարտ ջեմպրին զուգընթաց լայն տարածում է գտել պոլո ջեմպրը, որը գնդակով խաղի համար նախատեսված գործված արտադրանք է՝ ծալվող օձիքով, մինչև ծնկները հասնող, կոճակային ամրացումներով և պարանոցի շրջանում V-աձև կտրվածքով։
Նորաձևության հայտնի դիզայներ Կոկո Շանելի շնորհիվ է ջեմպրը դարձել կանանց հագուստի ամենասիրելի տարրերից մեկը։ Ամերիկացի դերասանուհի Մերլին Մոնրոն այն համարել է իր զգեստապահարանի անփոխարինելի մասը։ Այն հիանալի ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Ջեմպրի և այլ գործված վերնազգեստների հիմնական տարբերությունը պարանոցի շրջանում կտրվածքն է, որը հնարավորություն է տալիս այն հագնել գլխի վրայով: Կոկո Շանելը համարձակորեն համադրել է այդ գործվածքը կիսաշրջազգեստի կամ կարդիգանի հետ։ Ուսանողները ևս սիրել են այդ հագուստը, և այն դարձել է ուսանողական ոճի մի մասը։ Իսկ 20-րդ դարի կեսերից ջեմպրը դարձել է բիզնես ոճի ատրիբուտ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Այդ ժամանակից ի վեր ջեմպրները հաստատապես տեղավորվել են նորաձևության ամենամոլի սիրահարների զգեստապահարաններում:
Նորաձևության փոփոխության հետ մեկտեղ փոխվել են նաև ջեմպրների պարանոցի կտրվածքները (կլոր, V-աձև, քառակուսի), երկարությունը և թևերը: Օրինակ՝ 2012 2013 թվականների ձմեռային սեզոնը նշանավորվել էր օվալաձև դեկոլտեով ջեմպրներով, իսկ դրա նկարազարդումները արևել յան մոտիվներով էին, կենդանական և երկրաչափական նախշերի տեսքով։ Նորաձև են դարձել նաև մինչև կոնքերը կարճեցված, որոշակի գունային գամմայով, ազատ կտրվածքով ջեմպրները։ Նորաձևության իտալական Prada ընկերությունը նորաձևության մեջ է ներմուծել երեք քառորդ երկարությամբ թևերով մորթյա ջեմպրները, որոնք հմտորեն համակցվում են տարբեր երկարության կիսաշրջազգեստների, կարճ շորտերի, նեղ կամ լայն տաբատների հետ: Կան նաև ջեմպրները մերկ մարմնին, վերնաշապիկի վրայից, գոտիով կամ պարզապես բրոշով կրելու տարբեր տարբերակներ։
Շատ հայտնիներ այսօր էլ դեռ նախընտրում են ջեմպրը իր հարմարության և բազմակողմանիության համար: Ներկայումս ամենատարածվածը տղամարդկանց ոճի ջեմպրներն են, բայց ով գիտի, թե էլ ինչպես կփոխվի ջեմպրի նորաձևությունը ժամանակի ընթացքում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում