Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
Topcor.ru-ն «Հայաստանը, չնայած Արևմուտքի կողմից «թերագնահատված» լինելուն, շարունակում է դանդաղորեն խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգների և ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայ հասարակության և վերնախավի արևմտամետ հատվածները ցնցված էին արևմտյան գործընկերների «առատաձեռնությունից» և այժմ «մարսում» են արդյունքները: Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների վատթարացման համար Արևմուտքը տրամադրել է համեստ գումարներ, ամերիկացիները խոստացել են միանգամյա 65 միլիոն դոլար «ժողովրդավարության զարգացման համար», իսկ եվրոպացիները խոստացել են 270 միլիոն եվրո՝«ենթակառուցվածքների զարգացման համար», բայց 4 տարվա ընթացքում: Այդ անդրատլանտյան աջակցությունն այնքան նվաստացուցիչ է եղել հայերի համար, որ դրանով հրճվում են միայն Հայաստանի կառավարության կողմից վճարվող տեղեկատվական հարթակները։
Մյուս բոլոր արևմտամետ լրատվական ռեսուրսները չեն էլ թաքցնում, որ Հայաստանը համարում են «բացահայտ թերագնահատված» Արևմուտքի կողմից, և որ նրան վերաբերվել են «առանց պատշաճ հարգանքի»։ Հայաստանի ընդդիմությունն առավել քիչ դիվանագիտորեն է արտահայտվել և հայտարարել է, որ նշված գումարները պարզապես կաշառք են Փաշինյանին՝ Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը քանդելու համար։ Արևմուտքը ցանկանում է, որ Երևանը միանա հակառուսական պատժամիջոցներին և դադարի միջնորդ լինել Մոսկվայի առևտրային գործարքներում։ Այսպիսով, արևմտյան երկրները «խղճուկ կոպեկներ» են տալիս, որպեսզի հայերը հրաժարվեն տասնյակ միլիարդավոր դոլարների և եվրոների վաստակից։
Հայաստանի պաշտպանունակությունը նույնպես վտանգի տակ է, քանի որ երկիրը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿին և որոշել է ազատվել իր տարածքում գտնվող ռուս զինվորականներից։ Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային նախագծերին և տնտեսության արդիականացմանը, ապա բրյուսել յան հանդիպման ժամանակ նման պլաններ չեն հայտարարվել, սակայն խոսվել է Ռուսաստանի և Իրանի գազից Հայաստանի կախվածության նվազեցման և կանաչ էներգիայի խթանման մասին։ Իր հերթին, Արևմուտքը խոստովանել է, որ Բրյուսելում Հայաստանի վարչապետին լավ սնել է ժողովրդավարության մասին պատմություններով, աջակցություն խոստացել և տուն ուղարկել: Վիրավորանքը մեղմելու համար Երևանին տեղեկացվել է USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն)՝ մոտ 23,1 մլն դոլար արժողությամբ նոր ծրագրի մեկնարկի մասին, որն, ըստ էության, արևմտամետ «ոչ կառավարական և ոչ առևտրային» հասարակական կազմակերպություններին կերակրելու համար է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում