Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայում Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ իրենք ցանկանում են թուլացնել Մերձավոր Արևելքում լարվածությունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«Մենք հանձնառու ենք Իսրայելի անվտանգությանը։ Մենք նաև հանձնառու ենք ապաէսկալացմանը, այս լարվածությունը ավարտին հասցնելուն», - ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ G7-ի երկրները կիսում են Իրանին պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը և դատապարտում են ապրիլի 13-ին Թեհրանի հարձակումն Իրանի վրա, որը, նրա խոսքով, «աննախադեպ էր իր ծավալով և մասշտաբով»։
«Ծավալով, որովհետև դա ուղղակի հարձակում էր Իսրայելի վրա Իրանից, մասշտաբով, որովհետև այն ընդգրկում էր ավելի քան 300 զինամթերք, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ», - ասել է Բլինքենը։
Պետքարտուղարը հիշեցրել է, որ ԱՄՆ կառավարությունն ապրիլի 18-ին հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ նշելով, որ G7-ն առաջիկա օրերին ավելի շատ պատժամիջոցներ կընդունի։
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Մեծ յոթնյակի նպատակը ապաէսկալացումն է և ավելի մեծ հակամարտությունից խուսափելը, և բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։
Բլինքենը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ներգրավված չի եղել Իրանի վրա տեղի ունեցած հարձակումներին։
Այս գիշեր Իրանի Սպահան քաղաքում պայթյուններ են լսվել։ Իրանը հայտնել է 3 անօդաչու թռչող սարք խոցելու մասին՝ նշելով, որ դրանք արձակվել են երկրի սահմանների ներսում գտնվող տարածքից։ ԱՄՆ պաշտոնյաները մի շարք ամերիկյան լրատվամիջոցների հայտնել են, որ հարվածներն իրականացրել է Իսրայելը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակման։ Սպահանում գտնվող միջուկային օբյեկտները չեն վնասվել։ Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել հարձակումը։