Այսօր Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրն է
CultureՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բեթղեհեմի մանուկների, Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի հիշատակության օրը, գրում է qahana.am-ը։
Բեթղեհեմի մանուկների կոտորածի մասին պատմվում է Ս. Մատթեոսի Ավետարանում (Մատթ. 2:16-18): «Հրեաների արքայի» ծննդյան մասին Բեթղեհեմ ժամանած արևելցի մոգերի լուրը խիստ անհանգստացնում է Հրեաստանի Հերովդես թագավորին ու ժողովրդին: Խանդով լեցուն արքան, չկարողանալով գտնել նորածնին, հրամայում է կորստյան մատնել Բեթղեհեմում և քաղաքի սահմաններում գտնվող մինչև երկու տարեկան բոլոր մանուկներին:
Բեթղեհեմի անմեղ մանուկների կոտորածը, փաստորեն, դառնում է Հիսուսի համար թափված առաջին արյունը: Բեթղեհեմի մանուկներին Հայ Եկեղեցին ձոնել է բազմաթիվ գեղեցիկ շարականներ, իսկ նրանց հիշատակը տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երկուշաբթի օրը:
Նույն օրը Հայ եկեղեցում հիշատակվում են նաև հանուն Քրիստոսի հավատի մարտիրոսացված համաքրիստոնեական երեք սրբերի` Ակակիոս վկայի, Մովկիմա քահանայի և Կոտրիատիոս զինվորի անունները:
Նրանցից առաջինը, ըստ «Հայսմավուրքի», նահատակվել է Լիկիանոս կայսեր օրոք: Դիմանալով անասելի տանջանքների ու կենդանի մնալով անգամ վայրի գազանների մեջ, երանելի սուրբը գլխատվել է 310 թվականին:
Բյուզանդիայում ծնված Մովկիմա քահանան եղել է բարձրաստիճան քրիստոնյա զինվորականի որդի: Որպես քրիստոնեության նվիրյալ քարոզիչ՝ ենթարկվել է բազմաթիվ չարչարանքների Մակեդոնիայի Ամփիպոլիս քաղաքի կուսակալի կողմից: Ապա ուղարկվել է Բյուզանդիա, ուր դատապարտվել է գլխատման: Հետագայում սրբի տապանի վրա Կոստանդիանոս կայսրը կառուցել է մեծ եկեղեցի:
Կռապաշտ Դեկոս կայսեր հալածանքների զոհն է Կոտրիատիոսը: Համարելով իրեն «Երկնավոր Թագավորի ծառա», քրիստոնեական հավատի զորությամբ ու աղոթքով քաջարի սուրբը դիմանում է բազմաթիվ տանջանքների` օրինակ ծառայելով տանջանքներից տկարացած մյուս քրիստոնյաներին: Անսասան իր հավատին՝ Կոտրիատիոսը ևս գլխատվել է: