ՔՊ-ն քննարկում է պահեստային տարբերակները
AnalysisՓաշինյանական վարչախումբը սրտատրոփ սպասում է հունիսի 9-ին կայանալիք ընդդիմության վճռական հանրահավաքին։ Թեև օբյեկտիվորեն համարում են, որ ընդդիմությանը չի հաջողվի կրիտիկական լայն զանգված հավաքել Հանրապետության Հրապարակում և հասնել գործող իշխանությունների հրաժարականին, սակայն «Քաղպայմանագիրը» նաև փորձում է ապահովագրել իրեն հնարավոր ֆորս-մաժորների պայմաններում, հատկապես, որ ներքաղաքական լարվածության և անկայունության այս օրերին, «Քաղպայմանագրում» կրկին ակտիվացել են տարատեսակ խմբավորումները։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում, հատկապես կուսակցության վարչության մակարդակով քննարկվում է հնարավոր ֆորսմաժորի դեպքում կուսակցության անելիքները։ Չի բացառվում, որ Փաշինյանը հրաժարական տա, հանրային լայն ընդվզումը մեղմելու համար, փոխարենն իր որևէ խամաճիկի նշանակի վարչապետ, իսկ ինքը որպես կուսակցության ղեկավար և «գենսեկ» շարունակի ղեկավարել հանրապետությունը, ընդ որում առկա առաջարկված մի քանի թեկնածուներից շատերի անունները տեղում մերժել են, մասնավորապես անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի թեկնածությունը, որի համար լոբբինգ են անում հատկապես արևմտյան դեսպանատները։
«Քաղպայմանագիրը» չի ցանկանում հնարավոր վարչապետի պաշտոնում տեսնել նաև Ալեն Սիմոնյանին, ուստի առայժմ մնացել է երկու թեկնածուներ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Փաշինյանն ինքն էլ համաձայն չէ Արարատ Միրզոյանի թեկնածությանը՝ ենթադրելով, որ, իշխանության գալով, Միրզոյանը համապատասխանաբար չի ենթարկվի իրեն։ Միակ ամենահարմար թեկնածուն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, որն իր ամեն ինչով պարտական է Նիկոլ Փաշինյանին, ուստի և ավելորդ ամբիցիաներ չի ցուցաբերի և չի փորձի դուրս գալ նրա վերահսկողության տակից։
Սերինե Արամյան