ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել
AnalysisԱզգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ակնարկել է, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին՝ Փաշինյանը հայտարարել է, թե նախկին իշխանությունները մտել են «փուչիկ» դաշինք, իսկ դրա անդամները ոչ թե պաշտպանել են Հայաստանը, այլ ծրագրել Հայաստանի դեմ պատերազմը։
Դեռևս օրեր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջանում արած հայտարարություններին ի պատասխան՝ Փաշինյանը նշել էր, թե ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը։ Դիտարկմանը, թե այդ պարագայում ինչո՞ւ դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, երեկ խորհրդարանում վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե իրենք կորոշեն երբ դուրս գան։
Իրենց ղեկավարի խոսքերը փորձել են սրբագրել կարճ ժամանակ անց։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույն խորհրդարանի ամբիոնից ասել է, թե Փաշինյանն ամենևին չի պնդում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ընդամենն արձանագրել է, որ Հայաստանն է որոշողը, մինչդեռ այլևս պարզ է, որ ՀԱՊԿ-ի դեմ գործողություններում Նիկոլ Փաշինյանը որևէ արգելանք չունի, որ ամեն ինչ անելու է Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու համար։
Առնվազն վերջին երկու տարվա իրադարձությունները՝ սկսած 2022 թվականի նոյեմբերից, վկայում են, որ Փաշինյանն ինքն իր համար այդ որոշումն այլևս կայացրել է և անշեղորեն գնում է Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու ճանապարհով։
ՀԱՊԿ-ից հեռացումը նշենք, ինչպես նշել են Ռուսաստանից, շղթայաբար իր հետ բերելու է նաև Հայաստանի հեռացում ԵԱՏՄ-ից ու ԱՊՀ-ից, իսկ այդ պարագայում Հայաստանին սպառնում է տնտեսության լիակատար փլուզում։
Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայատարրել է, թե այս պահից սկսած Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի, քանի դեռ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը»,- նշել է Փաշինյանը։
Էլիզ Եսայան