Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից
Analysis«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հերթական ժողովն անցկացրել է ոչ թե Ջերմուկում, ինչպես նախօրոք տարածվել էր մամուլում, այլ՝ Հանքավանում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ի սկզբանե հենց այդպես էլ որոշված է եղել, բայց հետքերը շեղելու նպատակով, տեղեկություններ են տարածել, որ հավաքը լինելու է Ջերմուկում, նույնիսկ տասնյակ աշխատակիցներ են ուղարկել Ջերմուկի հյուրանոցներ, որտեղ վերջիններս շրջել են ցուցադրաբար՝ տպավորություն ստեղծելով, թե Փաշինյանը գնալու է այնտեղ։
Արդյունքում հավաքն անցկացրել են Հանքավանում, որտեղ Փաշինյանը չափազանց ուշագրավ ելույթ է ունեցել՝ հերթական անգամ պատասխանատվությունը բարդելով հասարակության և ժողովրդի վրա, հայտարարել է, թե Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը որպես գաղափարախոսություն այսօր հաստատվում է Հայաստանում և ընկալվում է ժողովրդի կողմից։
Ավելին, ըստ Փաշինյանի, իր մարդկանց հետ իր անմիջական շփումներից եկել է այն եզրակացության, որ իրական Հայաստանի գաղափարախոսության պատասխանատուն հենց ժողովուրդն է, որը ցանկանում է լավ ապրել։
Իրական և պատմական Հայաստանների կեղծ դիսկուրսը, որ Փաշինյանը վերջին ամիսներին բացել է և փորձում է կերակրել հանրությանը, արդեն թերևս ճաքեր է տալիս և Փաշինյանը փորձում է դրա պատասխանատվությունն էլ բարդել հասարակության վրա, ավելին, համոզել, որ եթե չընդունեն իրական Հայաստանի իր թեզերը, ապա հանրությունը լավ չի ապրելու։
Փաշինյանի ելույթից կարելի է տպավորություն ստեղծել, որ նա նոր հասարակություն ու նոր ազգ է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից, արժանապատվությունից, սեփական իրավունքները գիտակցելուց և անհայրենիք։
Մանե Հունանյան