Ադրբեջանն ակտիվորեն զինվում է Եվրամիության երկրների օգնությամբ
AnalysisՄինչ Հայաստանի գործող իշխանությունները քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անելու հնարավորությունները, Ադրբեջանն ակտիվորեն զինվում է նույն այդ Եվրամիության երկրների օգնությամբ։
«Բաքուն և Հռոմը հարաբերությունների նոր էջ են բացում»,- ասել է Ալիևն Իտալիայի պաշտպանության նախարար Գույդո Կրուզետտոյի հետ հանդիպմանը, իսկ իտալացի պաշտոնյան Ադրբեջան էր մեկնել՝ իր հետ տանելով իտալական արտադրության ռազմատրանսպորտային օդանավ։
Բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռը կարող է օգտագործվել տարատեսակ ռազմական խնդիրների և առաջադրանքների կատարման համար՝ ներառյալ բեռների և զորքերի փոխադրում, դեսանտավորում, բժշկական տարհանում։ Այն կարող է փոխադրել մինչև 11,3 տոննա բեռ, կամ՝ մինչև 60 զինվոր։ Սա միակ օդանավը չէ, որ Ադրբեջանը ստանալու է իտալական «Լեոնարդո» ընկերությունից, ևս մեկը սպասվում է առաջիկայում։
2022 թվականից սկսած Ադրբեջանն ու Իտալիան ստորագրել են գործակցության մեծ համաձայնություն։ Իտալիան Եվրոպայում ադրբեջանական գազի խոշոր գնորդներից է, նաև Հունգարիայի հետ միասին լրջորեն աջակցում է Եվրամիությունում Ադրբեջանին՝ առնվազն վերջին դեպքով արգելափակելով խաղաղության եվրոպական մեխանիզմին Հայաստանի հասանելիությունը։
Մի կողմից եվրոպական կառույցներն Ադրբեջանի նախագահին բռնապետ են անվանում, կոչեր հնչեցնում, մյուս կողմից չափազանց հարմարավետ համագործակցում Ալիևի հետ, ինչը վկայում է Արևմուտքի երկերեսայնության փաստը, իսկ Հայաստանի գործող իշխանություններին այդ հանգամանքը թերևս ամենևին չի հետաքրքրում, նրանք շարունակում են ամեն կերպ Հայաստանի հետագա ընթացքը կապել Եվրամիության հետ՝ չհասկանալով, որ մեր երկիրն ընդամենը գործիք են դարձնում գլոբալ առևտրի մեջ։
Անահիտ Թամանյան