Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է, բայց նրան հակակշիռ դեռ չի ձևավորվել
AnalysisՆիկոլ Փաշինյանի վարկանիշը գնալով նվազում է, բայց հայաստանյան ընդդիմությանը դեռ չի հաջողվում այլընտրանք դառնալ գործող վարչախմբի պարագլխին։ Gallup միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի հարցումների համաձայն՝ եթե հաջորդ կիրակի խորհդարանական ընտրություններ լինեին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ընդամենը 14,4 տոկոս քվե։
Այս ցուցանիշը, իհարկե, աղետ է, բայց ավելի աղետալին ընդդիմադիր ուժերի նվազող վարկանիշն է։ «Հայաստան դաշինքը», օրինակ, կստանար 3,7 տոկոս, ԴՕԿ (Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն) կուսակցությունը՝ 3,5 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2,3 տոկոս, Բագրատ Սրբազանն առանձին՝ 1,5 տոկոս, ԲՀԿ-ն՝ 1,2 տոկոս, Հանրապետություն կուսակցությունը՝ 0,6 տոկոս: Հարցվածներից 8,6 տոկոսը նշել է ոչ ոքի չի ընտրի, դժվարացել են պատասխանել 22,5 տոկոսը, իսկ ընտրություններին չեն մասնակցի տարբերակն ընտրել է 32,5 տոկոսը: Կարճ ասած, հանրության մեծամասնությունը գործող իշխանությանը չէր ընտրի, բայց չէր ընտրի նաև գործող ընդդիմությանը։
Հարցվողների 54,8 տոկոսը բացասական է գնահատել ՀՀ վարչապետի աշխատանքը։ Վարչապետի աշխատանքը լիովին դրական է գնահատել 13,4 տոկոսը մայիսի 9,1 տոկոսի դիմաց, ավելի շուտ դրական՝ 21,7 տոկոսը մայիսի 18,7 տոկոսի դիմաց, ավելի շուտ բացասական՝ 14,5 տոկոսը մայիսի 18,6 տոկոսի դիմաց, լրիվ բացասական՝ 40,3 տոկոսը մայիսի 41,1 տոկոսի դիմաց։ 10,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին։
Կարելի է տարբեր կերպ վերաբերվել այս հարցումներին, հավատալ, կամ չհավատալ։ Բայց այս հարցումները կրկին վկայում են հայաստանյան քաղաքական դաշտի խորը ճգնաժամը։
Էմմա Ասրյան