Պադավատապետության պերճանքն ու թշվառությունը
Analysis2018 թ. իշխանափոխությունից հետո գործող վարչախմբի պարագլուխն ու նրա ենթակաները հայտարարում էին ծառայողական մեքենաների պարկը կրճատելու, պաշտոնյաների «պադավատները» վաճառելու մտադրության մասին։
Ինչպես սովորաբար լինում է Փաշինյանի դեպքում, այս մի խոստումն էլ, պարզվեց՝ փուչիկ էր։ Նիկոլ Փաշինյանի օրոք ահռելի գումարներ են վատնվել նոր ու թանկարժեք մեքենաներ գնելու, տարատեսակ կողմնակիցներին պետության հաշվին երթևեկելու հնարավորություն տալու համար։
Կառավարությունը երեկ որոշել է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Ըստ գնման պայմանագրերի և որոշման հիմնավորումների՝ կառավարությունը գնելու է Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ 110 000 դոլար։ Այս մեքենան պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը Volvo-ի ներկայացուցիչն է Հայաստանում։
Ընկերությունը պատկանում է Հայաստանում Mercedes-Benz-ի ներկայացուցիչ, գործարար Էդվարդ Ավետիսյանին։ Կառավարությունը 45 հատ էլեկտրական Volvo է գնելու՝ ընդհանուր 870 մլն դրամով, նաև 3 ներկայացուցչական դասի սեդան ավտոմեքենա՝ 210 միլիոն դրամ։
Նշված բոլոր մեքենաները 2024-ի արտադրության են լինելու։ Volvo-ների ձեռքբերման համար կառավարությունը կհատկացնի 1 միլիարդ 38 միլիոն դրամ։ Որոշման հիմնավորումներում չկա որևէ տեղեկություն, թե այս էլեկտրական մեքենաները, ներկայացուցչական մեքենաները, որ գերատեսչություններին են ամրացվելու, ում են սպասարկելու։ Իսկ տրված բոլոր խոստումները վաղուց արդեն դառը քմծիծաղ են հարուցում։
Քնար Ավագյան