Այս 2 որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին և կամրապնդեն մեր գործընկերությունը . Բորել
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, մեկնաբանելով ԵՄ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու համար «կանաչ լույս վառելու» որոշումները, նշել է որ դրանք կամրապնդեն ԵՄ-ի գործընկերությունը Հայաստանի հետ:
«Այս երկու որոշումը Հայաստանի կողմից երկար սպասված էին։ Ես շատ ուրախ եմ, որ դա կարող է վերջնականապես համաձայնեցվել մինչև ամառային արձակուրդը, քանի որ գիտեք՝ որքան լարված է իրավիճակը Կովկասում: Դա կամրապնդի մեր գործընկերությունը Հայաստանի հետ», - նշել է Բորելը:
Նախօրեին հաղորդվել էր, որ ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:
Որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում։ Ըստ որոշման՝ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:
«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,-նշված է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունում։