Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
EconomicsԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի պատրաստվում է վերամշակել 22 տոննա հանքանյութ՝ կրկնելով 2019 թվականի իր լավագույն ցուցանիշը: Իսկ տեսանելի ապագայում նախատեսվում է կրկնապատկել Հայաստանի հանքարդյունաբերական հսկայի արտադրողականությունը: Այդ մասին Հանքագործի և մետալուրգի օրը կայացած միջոցառման ընթացքում լրագրողներին հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
Հավակնոտ նպատակին հասնելու համար, ըստ Ռոման Խուդոլիի, անհրաժեշտ է դրսևորել համալիր մոտեցում, որը ենթադրում է ոչ միայն ջանքերի բազմապատկում, այլև տեխնոլոգիական նոր լուծումների կիրառում, տեխնիկայի արդիականացում և համալրում, նույնիսկ ջրի կայուն մատակարարում և ծավալների ապահովում: «Ջուրն էական նշանակություն ունի մեր կոմբինատի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը լեռնային աշխատանքներում, որովհետև արդեն 2027 թվականին լեռնային զանգվածի արտադրությունը մեզ մոտ կաճի շուրջ 45 տոկոսով»,- նշեց գլխավոր տնօրենը: Նրա գնահատմամբ՝ ներկայում հանքանյութի արտահանումը նախորդ տարվա մակարդակին է: Գնորդներն էլ հիմնականում նույն ընկերություններն են, թեպետ հայտնվել են նաև նորերը:
Այս տարի ԶՊՄԿ-ն նախատեսում է արտահանել շուրջ 220 հազար տոննա պղնձի և մոտ 30 հազար տոննա մոլիբդենի խտանյութ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կարևորագույն նշանակություն է տրվում տեխնիկական վերազինմանը:
2023 թվականին կոմբինատն աշխարհի առաջատար արտադրողներից («Komatsu», « Caterpillar») ձեռք է բերել 90 տոննա տարողությամբ 16 ինքնաթափ բեռնատարներ: Ռոման Խուդոլիի խոսքով՝ ներդրումներ և տեխնիկայի արդիականացման աշխատանքներ են կատարվում նաև կոմբինատի տարբեր արտադրամասերում: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ծրագրերի իրականացմանը, որին այս տարի նախատեսվում է ուղղել շուրջ 6 մլրդ դրամ: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր կոմբինատի աշխատակիցներն, ավարտելով գործն ու վերադառնալով տուն, բոլոր առումներով հարմարավետ զգան իրենց»,- նշեց Ռոման Խուդոլին: Նա հայտնեց նաև, որ 2024 թվականին ԶՊՄԿ-ն նախատեսում է մոտ 100 մլրդ դրամի հարկ վճարել Հայաստանի պետական բյուջե:
Ըստ Ռոման Խուդոլիի՝ վերջին երեք տարիներին ԶՊՄԿ-ն կատարել է ավելի շատ հարկային պարտավորություն, քան նախորդ 25 տարիներին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1952 թվականին: Ձեռնարկությունը պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող է: Ունի ավելի քան 4600 աշխատակից։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է, խոշորագույն հարկատուն, որը 2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ: