«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր կրկին կառավարության դիմաց են և պահանջում եմ վարչապետի հետ հանդիպում: Նրանք այսօր ընդունեցին Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանի՝ վարչապետին 5 հոգով հանդիպելու առաջարկը:
Այս պահին 5 հոգանոց խումբը Հովիկ Աբրահամյանի մոտ է:
«Ես անձամբ հույս չունեի, բայց ասենք շնորհակալություն, որ մեզ ընդունելու է: Խնդրում եմ՝ առանց աղմուկի, առանց վանկարկելու սպասեք մինչեւ հանդիպման վերջը: Եթե եկել ենք, ուրեմն ինչ-որ հույսով ենք եկել: Պաշտոնատար անձը կընդունի, դուրս կգանք, կասենք՝ ինչի մասին է խոսքը գնացել»,- հավաքված նաիրիտցիներին դիմեց գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ օրը նույնպես նաիրիտցիները հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, սակայն հրաժարվել էին վարչապետին 5 հոգով հանդիպելուց: Նրանք պահանջել էին, որ վարչապետն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց, սակայն վարչապետն այդպես էլ չէր իջել:
Նշենք նաև, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար։