Հայաստանի խոշոր հարկատուներ. 2024թ. հունվար-հունիսին մուծված հարկերի ծավալն աճել է 2.96%-ով, առաջատարը ԶՊՄԿ-ն է
EconomicsՊետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 64.05 մլրդ դրամ՝ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 84.07%-ով կամ 29.25 մլրդ դրամով։ 2023թ. հունվար-հունիսին ընկերությունը նույնպես առաջինն էր։
Երկրորդ տեղում է Մոբայլ Սենթր Արթը՝ 32.33 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +16.5 մլրդ կամ +104.21%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը վեցերորդն էր։
Երրորդ տեղում է Գազպրոմ Արմենիան՝ 27.59 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ -3.04 մլրդ կամ -9.94%։ 2023թ. հունվար-հունիսին ընկերությունը երկրորդն էր։
Գրանդ Տոբակոն չորրորդ տեղում է՝ 23.58 մլրդ դրամ՝ +3.37 մլրդ դրամ կամ +16.70%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 3-րդ հորիզոնականում էր։
Հինգերորդ տեղում է Փրիթի Ուեյ ընկերությունը (Վեստա), որը պետբյուջե է վճարել 17.68 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.95 մլրդ դրամով կամ 12.41%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 7-րդն էր։
Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետբյուջե է վճարել 17.52 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 2.35 մլրդ դրամով կամ 11.81%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 4-րդն էր։
Յոթերորդ տեղում է Վիվա Արմենիան, որը պետբյուջե է վճարել 10.7 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.55 մլրդ դրամով կամ 31.28%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 13-րդն էր։
Ութերորդ տեղում է Սի Փի Էս Էներջի Գրուպը, որը պետբյուջե է վճարել 9.76 մլրդ դրամ հարկ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անում՝ 1.55 մլրդ դրամով կամ 13.69%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 8-րդն էր։
Սոֆթ Կոնստրակտն 9-րդն է՝ 9.33 մլրդ դրամ՝ +3.66 մլրդ դրամ կամ +64.48%։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը ցուցակի 21-րդ հորիզոնականում էր։
Սիթին եզրափակում է տասնյակը, ընկերությունը բյուջե է մուծել 9.23 մլրդ դրամ հարկ, 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 1.84 մլրդ դրամով կամ 24.87%-ով։ 2023թ.-ին հունվար-հունիսին ընկերությունը 15-րդն էր։
Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն հանքարդյունաբերության, առևտրի, ծխախորտագործության, բանկային, տեխնոլոգիական և հեռահաղորդակցության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են էլեկտրոնիկայի վաճառքի և էներգակիրների ոլորտները։
Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 221.78 մլրդ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 33.95 մլրդ դրամով կամ 18.07%-ով:
Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 532.28 մլրդ դրամ է, ինչը 38.74 մլրդ դրամով կամ 7.85%-ով ավել է 2023թ. համադրելի ցուցանիշից։
1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 900.4 տրլն դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.88 մլրդ դրամով կամ 2.96%-ով։
1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.63%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 59.12%-ը։
Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 26/07/24 դրությամբ՝ 388.40 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 571.0 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1.37 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 2.32 մլրդ դոլար։