Երեկ՝ դեկտեմբերի 8-ին՝ կեսօրից հետո, ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արեւելյան հատվածում: Մշտապես զգոն հայ դիրքապահները շուտ են նկատել վտանգը և կանխել հակառակորդի առաջխաղացումը` անցնելով պատժիչ գործողությունների, որի ընթացքում հակառակորդը կրել է ծանր կորսուստներ: Գրանցելով 5-7 զոհ՝ իրենց բնույթին համապատասխան՝ ադրբեջանցի դիվերսանտները դիմել են փախուստի:
Ցավով հիշեցնենք, որ նույն օրը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Սահմանային վերջին իրադարձությունների հետ կապված, Orer.am-ը զրուցեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ.
-Պարոն Եղիազարյան, ոչ վաղ անցյալում է եռակողմ հանդիպումը, որի ժամանակ եւս մեկ անգամ Ադրբեջանին հիշեցրեցին այն մասին, որ Ղարաբաղյան հարցը պահանջում է խաղաղ կարգավորում, սակայն ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում ադրբեջանցիներն անցնում են իրենց հին մեթոդներին: Նմանատիպ քայլերով ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանի իշխանությունը:
-Ադրբեջանական իշխանությունները շատ լավ գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, մեր քաղաքական, բարոյահոգեբանական վիճակը նրանք շատ լավ են պատկերացնում: Ադրբեջանն արտասահմանյան երկրների հետ իր հարաբերությունները կագավորել է եւ այդ պատճառով ոչ մեկ Ադրբեջանի հանդեպ կոշտ դիրքորոշում չի հայտնում, իսկ Հայաստանը մնացել է անպաշտպան ու միայնակ: Ես դեռ եռակողմ հանդիպման ավարտից հետո ասացի, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի են սրվելու աշնանն ու գարնանը: Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են արագ-արագ, որ Հայաստանը երեւի ինչ-որ պարտվողական փաստաթուղթ ստորագրի, որից հետո ժողովուրդը կամաց-կամաց կլքի իր հայրենիքը: Նրանք մեզ դանդաղ թունավորելու միջոցներ են ձեռնարկում: Պետք է հիշել, որ պատերազմը միայն զորք հավաքելով ու հակառակորդի դիրքերը գրավելով չէ, պատերազմը նաեւ այլ միջոցներով կարելի է հաղթել՝ բարոյահոգեբանական, տնտեսական եւ մի շարք այլ խնդիրները խոցելի դարձնելով:
-Կարելի՞ է ենթադրել, որ դիվերսիոն հարձակումները գնալով ավելի են շատանալու, արդյո՞ք դա պատերազմի չի հանգեցնի:
-Այո՛, ես վախենում եմ, որ այս հարձակումներն աշնանը կամ գարնանը կվերածվեն պատերազմի: Իհարկե, պատերազմից վախենալ պետք չէ, այլ պետք է պարզապես պատրաստ լինել դրան:
-Մենք պատրաստ ենք այո՞, ցանկացած հարձակմանն արժանի հակահարված տալ:
-«Պատրաստ ենք» ասվածը շատ հարաբերական է: Մարդ կարող է լինել պատրաստ, կամ շատ պատրաստ, իսկ մենք պարտավոր ենք շատ լավ պատրաստված լինել, որ Աստված չարասցե հարկ եղած դեպքում շատ քիչ զոհերի գնով կարողանանք պահպանել մեր հայրենիքի սահմաններն ու անդորրը:
-Շատերը գտնում են, որ դիվերսիոն այս հարձակումը կարծես թե պատասխան էր Հայաստանին` խոցված ինքնաթիռի հետ կապված իրականացված օպերացիայի հետ:
-Ամեն մի պետություն փորձում է պահպանել իր հեղինակությունը: Դա ոչ միայն կապված է մեր տղաների դիակները պրոֆեսիոնալ ձեւով տարհանելու հետ, այլ Ադրբեջանը բռնել է Հայաստանը մշտապես լարված պահելու ճանապարհը: Ադրբեջանն այդպես է ցանկանում, եւ մենք այս պարագայում պետք է ամուր պահենք մեր սահմանները, միանշանակ ուղղաթիռի դեպքը կապել դիվերսիոն այս հարձակման հետ այդքան էլ ճիշտ չէ:
Մենք գիտենք, որ զինվորն ու բանակը մարզիկներ են, և մեր զինվորները պետք է ամեն օր մարզվեն, որպեսզի միշտ լավ մարզավիճակում լինեն: Այսօր մենք ունենք զինվոր, մենք ունենք հայ տղամարդ, ով սահմանին կանգնած է, եւ թող Ադրբեջանը դա լավ իմանա:
Սոսե Չանդոյան