Վարչախումբը նոր պատմություն է գրում. նոր դասագրքում Հայաստանի ազատագրումը որպես բռնակցում են մատուցում
AnalysisԿԳՄՍ նախարարությունը հաստատել է «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը, որի հեղինակներից մեկը տխրահռչակ և արդեն մեկ անգամ լուրջ սկանդալում հայտնված պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն է։ Հիշեցնենք, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը մեծ աղմուկ էր բարձրացրել ու արժանացել էր հասարակության և մասնագետների քննադատություններին։ Ծնողներն անգամ հայց էին ներկայացրել դատարան՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի դեմ` պահանջելով շրջանառությունից հանել դասագիրքը:
Նախարարությունը ոչ միայն 7-րդ դասարանի դասագիրքը չի հանել շրջանառությունից, այլև հաստատել է 8-րդ դասարանի դասագիրքը, որտեղ կրկին պատմական ակնհայտ աղավաղումներ կան։ Մասնավորապես, հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Այս մասին տեղեկանում ենք ԴՇՀ պետական հարթակից։
Արդեն այս տարվա սեպտեմբերից դպրոցական սեղանների վրա կլինի դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված է որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա (օգտագործվում է Ռուսաստան տեղանունը)։ Հայ պատմագրության մեջ տասնամյակներ շարունակ Գյուլիստանի (ստորագրված 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմից հետո) և Թուրքմենչայի պայմանագրերը ընդունված է անվանել Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին։ Այդպես էր 2023 թ. դասագրքում։ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը կարևոր նշանակություն ունեցավ հայկական պետականության հետագա վերականգնման համար։
Դասագրքի հեղինակներ Ալլա Խառատյանի, Զարուհի Հակոբյանի և Սմբատ Հովհաննիսյանի սկանդալային դասագիրքը բացասական արձագանք էր ստացել փորձագիտական հանրության կողմից, սակայն մեկ կողմ` այն էլ անանուն ձայնը, նպաստել էր, որ դասագիրքը հավանության արժանանա։
Փաստացի, դպրոցական ծրագրերի, դասագրքերի հետ կատարվող «բարեփոխումները» գործող իշխանության նպատակային քաղաքականության դրսևորումներ են, որոնց նպատակն է վերաշարադրել Հայոց պատմությունը ըստ Փաշինյանի և նրա հովանավորների պատկերացումների։ Այս հանգամանքը լիովին տեղավորվում է Փաշինյանի՝ «Հայոց պատմության» փոխարեն «Հայաստանի պատմություն» անցնելու հայեցակարգի շրջանակներում։ Ու թեև դեռ նոր դասագրքի վերնագիրը «Հայոց պատմություն» է, գործող իշխանություններն ամեն ինչ անում են՝ իրենց մտահղացումը կյանքի կոչելու համար։
Ռուսաստանի դեմ վարչախմբի արշավն էլ այս ծիրում է։ Պատմությունը վերաշարադրելու, այն օրվա իշխանության քիմքին հարմարեցնելու քայլեր մշտապես են եղել մեր իրականության մեջ, բայց ակնհայտ պատմական փաստերի նման խեղաթյուրումն արդեն իսկ չափազանց է, նույնիսկ փաշինյանական վարչախմբի համար։