Անարդարացի վերաբերմունք կա Արթուր Ալեքսանյանի հանդեպ․ պատկան մարմինները հետևողական պետք է լինեն և խնդրին լուծում տան․ Ռոման Մուրադյան
SocietyԻնչպես հայտնի է, օրերս Փարիզի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակչում հունահռոմեական ոճի իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Սարավին 4։1 հաշվով հաղթանակ տարավ հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր կարիերայի չորրորդ օլիմպիական մեդալը, որը նրա երկրորդ արծաթն էր անընդմեջ։
Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում լրագրողներին ասել է, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց։
Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպին՝ «Մուրադյան հիմնադրամի» նախագահ, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի խորհրդի նախկին նախագահ Ռոման Մուրադյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի տիրապետում մրցաշարը գնահատող դատավորների գիտելիքներին, սակայն խոսել է աշխարհի տարբեր երկրներում գտնվող այդ մասնագիտության տեր ընկերների հետ և իրենք միաբերան պնդել են, որ Արթուր Ալեքսանյանը իրավացի է և արդարացիորեն է իր բողոքի ձայնը բարձրացնում։
«Հանձնաժողովը և մրցավարները սխալ են գնահատել և անարդարացի վերաբերմունք կա մարզիկի նկատմամբ։ Ուզում եմ նշել, որ սա առանձին մարզիկների բարձրաձայնելու խնդիրը չէ, այս հարցով համապատասխան պետական կառույցները պիտի իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և հասնեն խնդրի արդարացի լուծմանը, ես հուսով եմ, որ պատկան մարմինները հետևողական կլինեն և մեր հայ մարզիկի հանդեպ այս անարդարությունը լուծում կստանա»,-նշեց Ռոման Մուրադյանը՝ հավելելով, որ նման քայլը մյուս սերունդների համար օրինակ կլինի, երբ տեսնեն, որ իրենց թիկունքում ուժ կա։
Նշենք, որ «Մուրադյան հիմնադրամը» Արթուր Ալեքսանյանի անունով կրթաթոշակներ է տրամադրում Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լավագույն ուսանողներին։