ՔՊ վարչության նիստը թեժ է անցել
AnalysisԵրեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության, հաստատել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի, Աբովյանի, Բերդի տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահների պաշտոններում առաջադրված թեկնածությունները։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, վարչության նիստը միայն այդքանով չի սահմանափակվել, այլ բավական թեժ է եղել։ Փաշինյանը, մասնավորապես, կուսակցության վերին էշելոնին մեղադրել է անբավարար չափով աշխատելու, հանրության հետ չհանդիպելու, տարածքային կազմակերպությունները չհամակարգելու մեջ։ Որպես հետևանք էլ իշխող ուժի վարկանիշը, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նվազում է։
Փաշինյանը նաև զգուշացրել է, որ առաջիկայում կուսակցությունում լուրջ փոփոխություններ են սպասվում։ ՔՊ-ն պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների՝ լինի արտահերթ, կամ հերթական, և հարկավոր է ավելի կուռ շարքեր ստեղծել՝ ընտրություններին չպարտվելու համար։ Առաջնահերթ ուշադրության կարիք ունեն տարածքային կազմակերպությունները, որտեղ այժմ փոփոխություններ են անելու։ Որոշ պաշտոնյաներ էլ կկորցնեն իրենց պաշտոնը։
Փաշինյանը նաև նոր ընտրացուցակ է գրելու, անձամբ զրուցելով բոլոր թեկնածուների հետ, գնահատելով նրանց նվիրվածության աստիճանը։
Արմինե Սաֆարյան