Team-ը դարձել է Գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը
SocietyԵրիտասարդների շրջանում գիտության և տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունը խթանելու համար Team Telecom Armenia-ն դարձել է համազգային գիտության շաբաթվա գլխավոր գործընկերը:
Գիտութան շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց կարևոր դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել գրավիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը: Այն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։
«Գիտության շաբաթը բացառիկ հարթակ է ստեղծում գիտության և հասարակության միջև կապ հաստատելու համար, և որպես Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, մենք մեծ ոգևորությամբ ենք միանում այս նախաձեռնությանը», - նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: «Մեր մասնակցությունը նպատակ ունի օգնել բացահայտելու գիտության և տեխնոլոգիաների անփոխարինելի դերը ժամանակակից աշխարհում: Հուսով ենք, որ այս միջոցառումը կոգեշնչի երիտասարդ սերնդին»։
Գիտության շաբաթվա շրջանակում անցկացվում են նաև «ԳիտաCon» կոմիքսների, «Աստղային հորիզոն» գիտաֆանտաստիկ պատմվածքների և «Գիտության շաբաթը` իմ աչքերով» նկարչական մրցույթները, որոնց հաղթողներին Team Telecom Armenia-ն կպարգևատրի հատուկ մրցանակներով: Նախատեսվում է մրցույթ կազմակերպել նաև այն դպրոցների միջև, որոնք իրենց մոտ կանցկացնեն միջոցառումներ Գիտության շաբաթվա ընթացքում։
Նախագծի կազմակերպիչն է «Գիտուժ» նախաձեռնությունը։
«Team Telecom Armenia-ն դարձավ Գիտության շաբաթ նախագծի գլխավոր գործընկերը, որովհետև հավանեց և հավատաց գաղափարին։ Այն գաղափարին, որ մենք պետք է ձգտենք զարգացնել մեր երկրի կարիքներից բխող ուժեղ գիտություն և ստեղծել մրցունակ տեխնոլոգիաներ։ Այս նպատակին հասնելու համար մեզ հարկավոր է հասարակություն, որը կարևորում է գիտությունն ու տեխնոլոգիաները։ Մեզ պետք են երիտասարդներ, որոնք չեն դադարում սովորել և երազել՝ ձգտելով դառնալ բարդ խնդիրներ լուծող մրցունակ գիտնականներ և ճարտարագետներ»,- նշում է Գիտուժի անդամ Տիգրան Շահվերդյանը։
Գիտության շաբաթվա կենտրոնական իրադարձությունը Գիտության փառատոնն է, որը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում՝ ընդգրկելով երեք թեմատիկ բաժիններ՝ «Գիտությունն ամենուրեք է», «Մասնագիտական կողմնորոշում» և «Գիտական ֆանտաստիկա»։ Կանցկացվեն նաև միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում։
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։