Արդեն տեղեկացրել էինք, որ «Նաիրիտ» գործարանի մի քանի աշխատակիցներ հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Մեկ ժամից ավել տևած հանդիպումից հետո «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը հավաքված նաիրիտցիներին տեղեկացրեց, որ բոլոր հուզող հարցերը բարձրացվել են և պարզել են, որ Հովիկ Աբրահամյանը շատ բաներից անտեղյակ է եղել:
«Վարչապետը շատ հարցերից տեղյակ չէր: Մեր պահանջի հիմնական մեխը աշխատավարձերի հետ է կապված: Հիմա Կառավարությունը չի կարողանում ասել այդ 15 մլն դոլարն այսօր կլինի, թե վաղը, բայց միևնույն ժամանակ չեն հրաժարվում և ասում են, որ աշխատավարձի պարտքը պետք է մարվի»,- ընդգծեց Թադևոսյանը և հավելեց, որ վարչապետը վրդովված է այն բանից, որ գործարանում 200 մարդ տարիներ շարունակ ստացել է 400-ից մինչև 2 միլիոնուկես դրամ աշխատավարձ:
Արհիմիության նախագահը հայտնեց, որ վարչապետը խոստացել է 10 տարով սառեցնել գործարանի՝ 30 միլիարդ դրամի պարտքը:
Հրաչ Թադեւոսյանը հավաքված նաիրիտցիներին տեղեկացրեց, որ բացի 18 ամսվա չվճարված աշխատավարձերի պահանջից վարչապետին խնդրել են նաեւ, որ դեկտեմբերին եւս մեկ ամսվա աշխատավարձ ստանան:
Ըստ Հրաչ Թադևոսյանի, վարչապետը զարմացել է, երբ «Նաիրիտ»-ի ներկայացուցիչներն ասել են, որ գործարանում որևէ ներդրում չի եղել: «Ինքն էլ չգիտեր, թե էդ փողերն ուր են գնացել»,- ասաց նա, հավելելով, որ քննարկելու եւ վերջնական տարբերակը հստակեցնելու համար վարչապետն իրենց առաջարկել է շաբաթ օրը կրկին հանդիպել Կառավարությունում:
Կառավարության մոտ հավաքված նաիրիտցիները դժգոհությամբ լսեցին վարչապետի հետ հանդիպման մանրամասները: Նրանք որոշեցին շաբաթ օրը կայանալիք հանդիպման ժամանակ կրկին հավաքվել Կառավարության շենքի մոտ եւ սպասել հանդիպման ավարտին:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար։