Ադրբեջանը չի նահանջում իր պահանջներից
AnalysisԱդրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։
«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտն Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։ «Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ Անկարայում, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է։ Ըստ Բայրամովի, «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։
Ադրբեջանի արտգործնախարարն իր հայտարարությունն արել է Թուրքիայում, Ֆիդանի հետ բանակցություններից հետո, Թուրքիայի արտգործնախարարի լուռ համաձայնությամբ։ Փաստացի, այսկերպ խաչ է քաշվում նաև հայ-թուքրական կարգավորման հեռանկարների վրա, քանի որ երկու գործընթացները, ըստ Անկարայի կապված են իրար հետ։
Այս ֆոնին Ադրբեջանը կրկին հայկական կողմին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը։ Իսկ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի ձախողումը։
Մարգարիտա Հովակիմյան