Ադրբեջանի հետ սահմանակից մարզերի բնակչությունը նվազում է
AnalysisԱդրբեջանի հետ սահմանակից կամ 44-օրյա պատերազմից հետո սահմանակից դարձած մարզերի բնակչությունը տարեցտարի նվազում է, և սա փաշինյանական իշխանության գործունեության հետևանքն է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ 2019-ի ամռանը Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում։ Համավարակը, 44-օրյա պատերազմն ու դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանային բախումներն իրենց հետքն են թողել՝ մարզի բնակչությունը կրճատվել է 13 հազարով։ 2019-ին Սյունիքում գրեթե 140 հազար մարդ էր ապրում, հիմա բնակչությունը 120 հազարի էլ չի հասնում։ Մոտ յոթ հազարով էլ նվազել է Տավուշի մարզի բնակչությունը։
Սոցիալական խնդիրներն ու աշխատանքի բացակայությունն, իհարկե, ազդում է մարզերի բնակչության թվի վրա, սակայն պատերազմից հետո, երբ անվտանգային խնդիրները լրջորեն սրվել են, արտագաղթն ավելի վտանգավոր դրսևորումներ է սկսել ստանալ։ Մինչ վարչախումբը խոսում է 2050 թ. 5 մլն դառնալու մասին, օրումեջ հայտարարում նոր նախաձեռնությունների մասին, իրականում ամեն կերպ նպաստում է մարզերի բնակչության նվազմանը։
Ըստ փորձագետների, առաջիկայում երեք այս մարզերում բնակչության թիվն ավելի է նվազելու, հատկապես բարդ է լինելու ընդհուպ սահմանին հայտնված գյուղերի համար, որտեղ շատերն այլևս ապագա չեն տեսնում։
Էլլա Աբովյան