Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա
SocietyShtigen Group-ի և Telcell ընկերության համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն ձեռք կբերի։ 24․6 կՎտ հզորությամբ արևային կայանն ու 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչը երկար տարիներ կբավարարեն կրթական հաստատության էներգետիկ կարիքները։ Ծրագրի շրջանակում քոլեջին կտրամադրվեն նաև ուսումնական ջրատաքացուցիչներ, դիդակտիկ պարագաներ, անվտանգության համակարգեր (բարձրության վրա աշխատանքների համար), կրթական նյութեր, որպեսզի ուսումնարանում զարգանա նաև վերականգնվող էներգետիկայի ճյուղը։
Shtigen Group-ը և Telcell-ը դեռ 2022թ․ էին համագործակցության հուշագիր կնքել, ինչի շրջանակում ֆինանսական ոլորտի առաջատար ընկերությունը 7,4 մլն դրամ էր հատկացրել «Արևածագ Արցախում» նախագծին, որպեսզի Մարտունու արհեստագործական ուսումնարանը լիակատար անցում կատարեր վերականգնվող էներգետիկայի։ Սակայն հայտնի պատճառներով ծրագիրն ավարտին չհասավ։
Նվիրաբերված գումարը նպատակին ծառայեցնելու համար անցած մեկ տարում բազմաթիվ նախագծեր քննարկվեցին։ Արդյունքում՝ երկու ընկերությունները կանգ առան Նոյեմբերյանի պետական քոլեջում էներգետիկ անկախություն հաստատելու ծրագրի վրա, որը նաև կրթական բաղադրիչ կունենա։
Նոյեմբերյանի կրթարանում մեկ տասնյակից ավելի մասնագիտական բաժին կա, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի։ Քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանի խոսքով՝ տարեկան մոտ 2 մլն դրամի խնայված միջոցներով կվերանորոգվի մասնագիտական լաբորատորիան, կթարմացվի նյութատեխնիկական բազան, ձեռք կբերեն համակարգչային տեխնիկա։ Նախատեսում են նաև գերազանց առաջադիմությամբ ուսանողներին կրթաթոշակ տալ։
«Այս ռազմավարական նշանակության նախագծի շարունակական ընթացքը, անկախ հանգամանքներից, շատ կարևոր է։ Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համախմբել ջանքերը՝ առանց ժամանակ կորցնելու և հետ նայելու։ Ուրախ եմ, որ մեր գործընկերների շարքում են սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերություններ, ինչպիսին Telcell-ն է, որը գիտակցում է էներգետիկ կայունության կարևորությունը»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։
«Արևածագ» նախագիծն իրականացվում է Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում․ նպատակն է՝ արևային տեխնոլոգիաների միջոցով երկրում էներգետիկ անկախություն հաստատել՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ բնակավայրերին։
Ի դեպ, «Արևածագ»-ին նվիրատվություն կարելի է կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet հավելվածով։
«Կարևորելով ազգանվեր նախագծերը՝ մենք 17 տարի շարունակ օգնում ենք կյանքի կոչել նախաձեռնություններ, որոնք նպաստում են Հայաստանի բնակչության բարօրությանը։ Կոչ ենք անում ընկերություններին նույնպես ներդրում կատարել և օգնել Նոյեմբերյանի պետական քոլեջին էներգետիկ անկախություն ձեռք բերել արևային տեխնոլոգիաների միջոցով․ դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի ուսանողների համար»,- նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։