«Եվրաքվեն» ձախողման եզրին է. արևմտամետները խուճապի մեջ են
AnalysisԵվրամիության անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաքը չափազանց դանդաղ ու վատ է ընթանում։ Այնքան, որ խուճապի է մատնել դրա կազմակերպիչներին՝ «Ժողովրդավարական հարթակ»-ին մաս կազմող «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցություններին։
Ստորագրահավաքն ընթանում է արդեն տասն օր, և մինչ օրս չի հաղորդվում, թե այս ժամանակահատվածում որքան ստորագրություն է հավաքվել։ Ըստ մեր աղբյուրների, թիվն այնքան փոքր է, որ ստորագրահավաքի կազմակերպիչները վախենում են այդ մասին բարձրաձայնել։
Արամ Սարգսյանին ու Արման Բաբաջանյանին մինչ ստորագրահավաքը թվում էր, թե կարող են 50 հազար և ավելի ստորագրություն հավաքել, բայց տեմպերը նման հույսերը փշրում են։ Արդյունքում, արևմտամետներն իրենց ողջ շքախմբով քարոզրաշավ են սկսել, շրջում են տարբեր վարչական շրջաններում, թռուցիկներ բաժանում, համոզում մարդկանց գնալ թաղապետարաններում, մարզպետարաններում ու քաղաքապետարաններում բացված կետեր, ստորագրել ԵՄ-ին անդամակցելու համար։
Լրատվամիջոցներն էլ փաստում են, որ պետական հիմնարկներում բացված կենտրոններում սակավամարդ է, հատուկենտ մարդիկ են գալիս՝ ստորագրելու։ Արդյունքում, «Ժողովրդավարական հարթակին», ըստ ամենայնի, չի հաջողվի հավաքել անհրաժեշտ ստորագրությունները՝ խայտառակ անելով նրանց և իրենց նախաձեռնությունը։
Իշխանություններն էլ շահագրգռված չեն ստորագրահավաքի հաջողությամբ, որևէ կերպ չեն աջակցում, թաքուն հույսեր են փայփայում, որ հաստիքային արևմտամետները ձախողումից հետո կազատեն դաշտը, իսկ ԵՄ հետ իշխանությունն ինքը սկսի ուղիղ աշխատել՝ դրանից բխող օգուտներով։
Մարգարիտա Ավետյան