Այդ ծրագիրը հիմնականում մշակվել է անգլո-սաքսոնական քաղաքակրթության խորքերում. «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
yugsn.ru–ն «Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի երիտասարդ քաղաքացիները կարող են մոռանալ ռուսաց լեզուն: Դժվար է հավատալ դրան, քանի որ այդ երկրի մարդիկ լավ ռուսերեն գիտեին և օգտագործում էին այն այնպես, ինչպես ոչ ոք: Մենք սովոր ենք նրանց մեղմ ու մեղեդային առոգանությանը, նույնիսկ ինքներս կարող ենք խոսել «ռուսերեն՝ հայկական առոգանությամբ»: Բայց շուտով հայկական առոգանությամբ ռուսերենը մոռացության է մատնվելու, քանի որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է, որ ռուսաց լեզուն աստիճանաբար հանվում է հանրապետական դպրոցների կրթական ծրագրից։
Բայց ի՞նչ վատ բան կա ռուսաց լեզվի մեջ ժամանակակից հայերի համար: yugsn.ru լրատվական ծառայության թղթակիցը այդ հարցն է ուղղել ՌԴ Պետդումայի կրթության հանձնաժողովի անդամ Անատոլի Վասերմանին: «Հայաստանն արդեն երկար տարիներ վճարում է իր թուլության այն պահի համար, երբ երկրին տիրացավ Փաշինյանի գլխավորած սորոսականների բանդան,- ասել է փորձագետը,- Նիկոլ Վովաևիչը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը, այն է՝ պոկել Հայաստանը Ռուսաստանից և այն դարձնել Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի հենակետ։ Կամ էլ, որպես վերջին միջոց, հերթական անգամ Հայաստանը տալ Թուրքիային։ Այն, որ երևանաբնակ հայերը դա սկզբից չհասկացան, շատ վիրավորական է ու ափսոսանքի արժանի։ Բայց այն, որ Ադրբեջանի հետ հրահրած առաջին կոնֆլիկտից հետո նորից քվեարկեցին նրա օգտին, միայն ապացուցում է, որ նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի են վերածվում»։ Ինչ վերաբերում է կոնկրետ ռուսաց լեզուն ուսումնասիրելուց հրաժարվելուն, ապա, ըստ Վասերմանի, այստեղ նպատակը միայն հայերին ռուսական քաղաքակրթությունից պոկելը չէ։
«Այստեղ մեկ այլ նպատակ էլ հայերի հոսքը Ռուսաստան հնարավորինս նվազեցնելն է,- ասել է զրուցակիցը, – հիմա, որքան գիտեմ, Ռուսաստանում հայկական սփյուռքը մեծությամբ երկրորդն է։ Ռուսաստանում շատ ավելի հայեր են ապրում, քան հենց բուն Հայաստանում։ Քանի որ Փաշինյանի տերերը գիտեն, որ Ռուսաստանը այժմ հրատապ կարիք ունի մարդկանց, և ոչ միայն մարդկանց, այլ այն մարդկանց, ովքեր կարող են նորմալ հարաբերություններ հաստատել ուրիշների հետ և լավ աշխատել, նրանք փորձում են նվազեցնել հայերի հոսքը դեպի Ռուսաստան։ Նպատակն, իհարկե, մեր տեսանկյունից ստոր է, բայց իրենց տեսանկյունից լիովին արդարացված է ու օգտակար։ Փաշինյանը գործում է այդ ընդհանուր արևմտյան ծրագրի շրջանակներում, որը մենք ավանդաբար անվանում ենք սորոսական ծրագիր։ Բայց, որքան հասկանում եմ, Սորոսը չէ դրա հիմնական քարոզիչը։ Այդ ծրագիրը հիմնականում մշակվել է անգլո-սաքսոնական քաղաքակրթության խորքերում: Իսկ ընդհանրապես, Հայաստանի և Ռուսաստանի հետ կապված իրավիճակում ոչինչ զարմանալի չէ, բացի մի բանից. ինչո՞ւ Փաշինյանին դուրս չշպրտեցին եթե ոչ տեղի հայերը, ապա գոնե Ռուսաստանում ապրողները»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում