Մեր պարտքն է հիշել մեր բոլորի հայրենիքի համար կռիվ տված, անմահացած հերոսներին և շարունակել պայքարը․ Նաիրի Սարգսյան
Blog«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի հայտարարությունը՝ նվիրված 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց հայ ժողովրդի նորագույն պատմության ամենածանր փորձություններից մեկը՝ քառասունչորսօրյա պատերազմը։
Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ, լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով կոտրել մեր պայքարող ոգին և մեր ինքնորոշման իրավունքը։
Հայ զինվորներն ու կամավորականներն անհավասար պայքարում, ցուցադրեցին աննկարագրելի խիզախություն և անձնվիրություն՝ դիմակայելով թշնամու հարձակմանը։ Մեր տղաները պատվով կռվեցին, պաշտպանեցին իրենց հողը և պայքարեցին մինչև վերջին պահը՝ չնահանջելով անգամ ամենաբարդ իրավիճակներում։ Սակայն պատերազմն ավարտվեց ոչ թե մարտի դաշտում, այլ քաղաքական որոշմամբ։
Արցախի տարածքների հանձնումը տեղի ունեցավ դիվանագիտական և քաղաքական գործընթացների արդյունքում, ինչը շոկային, ցավալի և ծանր էր մեր ժողովրդի համար։
Այսօր մեր պարտքն է հիշել այդ օրերին մեր բոլորի հայրենիքի համար կռիվ տված, անմահացած հերոսներին և շարունակել պայքարը ազգային ինքնության, անկախության և արժանապատվության համար։
Նահատակվածների սուրբ արյունը երբեք չպետք է մոռացվի և նրանց գործը մեզ համար ուղեցույց պետք է դառնա։
Փա՜ռք մեր հերոսներին։