Արտաքուստ պարզ գործիք, որ անհրաժեշտ է բոլոր երաժիշտներին ու ոչ միայն նրանց. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կամերտոնը Ս-աձև մետաղե ձող է՝ ամրացված այնպես, որ ծայրերը (ոտնակները) կարողանան ազատ տատանվել։ Ձայնը ուժեղացնելու նպատակով ոտնակին երբեմն դիաֆրագմա են ամրացնում կամ կամերտոնը զուգակցում են ռեզոնանսային արկղիկի հետ (մի կողմից՝ բաց, հիմնականում փայտե ուղղանկյուն արկղիկ, որի վրա տեղավորում են կամերտոնը)։ Վերջինիս չափերն այնպես են ընտրում, որ նրանում պարփակված օդի ծավալի սեփական տատանումների հաճախականությունը համընկնի կամերտոնի տատանումների հաճախականությանը։ Երաժշտության մեջ կամերտոնը ծառայում է որպես ձայնի բարձրության չափօրինակ երաժշտական գործիքները լարելու և երգեցողության համար։ Իսկ ե՞րբ է ստեղծվել կամերտոնը:
1711 թվականին Անգլիայի թագուհու պալատական շեփորահար Ջոն Շորն է ստեղծել բոլոր երաժիշտների համար անհրաժեշտ և պարզ այդ գործիքը, որը նման է երկու ատամիկներով երկաթե պատառաքաղի։ Այդ «պատառաքաղը» անվանել են կամերտոն։ Եթե հպվեն կամերտոնին, նրա ծայրերը կսկսեն արձակել հնչյուն, որը ծառայում է որպես հիմք՝ երաժշտական գործիքները լարելու համար։ Սկզբում կամերտոնը 1 վայրկյանում տալիս էր 419 տատանում։ Հետագայում ստանդարտ հաճախականությունը մեծացել է: 19-րդ դարի կեսերին որոշ երկրներում այն հասցվել է 453-456 հերցի: 1885 թվականին Վիեննայում կայացած միջազգային գիտաժողովի ժամանակ որպես ստանդարտ ճանաչվել է «նորմալ» կամերտոնը (գերմանական Normalton-ը) 435 հերց հաճախականությամբ, որը ընդունված է եղել Ֆրանսիայում 1859 թվականից:
Հնչյունը, որը տալիս է կամերտոնը, որոշել են համապատասխանեցնել «լա» նոտային, որով և լարում են բոլոր երաժշտական գործիքները։ Բանն այն է, որ հաճախ լարային գործիքները, հատկապես ջութակը, կախված ջերմաստիճանից, փոխում են լարման աստիճանը, այդ իսկ պատճառով այն պետք է լարվի, և այդ գործում կամերտոնը անփոխարինելի է։ Մեր օրերում սիմֆոնիկ նվագախմբերը հազվադեպ են օգտագործում կամերտոն։ Նրանց փոխարինել է հոբոյը, որի պարագայում ջերմաստիճանը չի ազդում լարերի կառուցվածքի վրա, և նրա դեպքում լա նոտան միշտ կայուն է։ Բայց եթե դաշնամուր է օգտագործվում նվագախմբի հետ, ապա բոլոր գործիքները լարում են՝ արդեն հիմնվելով դաշնամուրի հնչյունների վրա, իսկ դաշնամուրն իր հերթին լարում են կամերտոնով, մինչև համերգի սկիզբը։ Կամերտոնները հիմնականում կոմպակտ չափսեր ունեն: Դրա պատճառն այն է, որ ինչքան մեծ է լինում կամերտոնի պատառաքաղը, այնքան ցածր է հնչում այն, նույնիսկ եթե մյուս չափանիշները նույնն են:
Կամերտոնի մեկ այլ տեսակ է փողայինը: Այն պատրաստված է մետաղից՝ պլաստմասե փոքր խողովակների (սուլիչների) տեսքով, որոնք ձայն են արձակում դրանց մեջ փչելիս: Կան նաև լեզվակային (հարմոնիկ, քրոմատիկ) և էլեկտրոնային կամերտոններ: Կամերտոնի որոշակի տարատեսակ է բժշկական կամերտոնը, որն օգտագործում են քիթ -կոկորդ -ականջաբանները, օրթոպեդները և նյարդաբանները՝ հիվանդի ոսկորների միջոցով ձայների հաղորդման բնութագրերն ուսումնասիրելու համար: Տեխնիկայում կամերտոնը կիրառվում է տառատպիչ հեռագրական ապարատների աշխատանքը սինխրոնացնող գեներատորներում, ինչպես նաև իբրև կայուն հաճախականության աղբյուր ժամանակը չափող սարքերում և բազմաթիվ այլ ոլորտներում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում