Ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա. Սոնա Ղազարյան
BlogՍոնա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԵԽԽՎ-ում այն պատգամավորները, ովքեր հերթագրված են, սակայն հնարավորություն չեն ունենում ելույթ ունենալ ժամանակի սղության պատճառով, կարող են իրենց ելույթները ուղարկել հրապարակման։ Նման հնարավորությունից օգտվեցի ես, ստորև տեղադրում եմ ելույթս հայերենով։
Հարգելի գործընկերներ,
Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք բախվում ժողովրդավարության հետընթացին անդամ պետություններում և դրանից անդին: Ես կիսում եմ այն կարծիքը, որ քարոզչությունը, հատկապես որոշ պետությունների կողմից ֆինանսավորվող, էական վտանգ է ներկայացնում մեր ժողովրդավարական համակարգերի պատշաճ գործունեությանը, այս երևույթին մենք՝ հայերս բախվում են ամեն օր։ Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է երրորդ երկրների կողմից ֆինանսավորվող քարոզչությունը փորձում ներազդել մեր քաղաքականությունների վրա։ The varieties of Democracies-ի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունն ընդգծում է նման օտարերկրյա ֆինանսավորման էական ազդեցությունը մեր լրատվամիջոցների վրա:
Այս տեսակի քարոզչությունը, որը հիմնված է ապատեղեկատվության վրա, մտահոգություններ է առաջացնում ազգային անվտանգության մակարդակում։ Բնականաբար, այս ամենը ակտիվացրել է բանավեճերը խոսքի ազատության հնարավոր սահմանափակման շուրջ։
Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ ժողովրդավարական արժեքներն ի վերջո հաղթեցին այս բանավեճում: Մենք եկել ենք այն հավաքական գիտակցման, որ վնասակար քարոզչության դեմ պայքարի համար ձեռնարկվող ցանկացած միջոց պետք է շարունակի պաշտպանել խոսքի ազատության հիմնարար իրավունքը, որը շարադրված է կոնվենցիայի 10-րդ հոդվածում, որը պաշտպանում է տեղեկատվության ազատությունը:
ԱԼԴԵ քաղաքական խմբի կողմից արված դիտարկումներին համաձայն՝ ես լիովին աջակցում եմ այն կոնսենսուսը, որ սոցիալական դիմադրության բարձրացումը առանցքային գործոն է: Անհրաժեշտ է խրախուսել մեր լրատվամիջոցներին, որպեսզի նրանք լինեն խոսքի ազատության պաշտպանության առաջնագծում։
Վնասակար քարոզչությունը սահմաններ չի ճանաչում և իսկապես անդրազգային բնույթ է ստացել։ Ուստի, ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա։
Այդ նպատակով ես կցանկանայի ընդգծել մի քանի կարևոր քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել.
Նպաստել մեդիագրագիտությանը։ Մենք պետք է աջակցենք կրթական նախաձեռնություններին, որոնք քաղաքացիներին զինում են տեղեկատվությամբ քննադատաբար վերլուծելու և լրատվամիջոցների կողմնակալությունը ճանաչելու գործիքներով:
Խրախուսել թափանցիկությունը։ Կարևոր է, որ մենք պարտավորվենք կառավարության գործողությունների բաց հաղորդակցության և թափանցիկության որոշումների և ֆինանսավորման հարցերում: Սա կօգնի ամրապնդել վստահությունը կառավարության և հասարակության միջև:
Ամփոփելով ակնհայտ է, որ թեև քարոզչությունը կարող է ուղղված լինել մեր ժողովրդավարական արժեքների ապակայունացմանը, մեր պատասխանը պետք է լինի հավասարակշռված, հիմնված խոսքի ազատության հարգանքի վրա և ուղղված մեր ժողովրդավարական հիմքերի ամրապնդմանը: Միասին մենք կարող ենք բարձրացնել կայունությունը, որն անհրաժեշտ է ժողովրդավարությունը պաշտպանելու համար այս բարդ աշխարհում:
Շնորհակալություն։
Շնորհակալություն։