ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում
Analysis«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել արդարադատության նոր նախարարի հարցում, իսկ առաջարկվող թեկնածուները միայն քմծիծաղ են առաջացնում, անգամ իշխող ուժի շարքերում։ Օրերս ՔՊ վարչությունը որոշում է կայացրել Գրիգոր Մինասյանի հաջորդ նշանակել բացառապես կուսակցության անդամ պատգամավորի, և այժմ չեն կարողանում համապատասխան թեկնածուի համոզել զբաղեցնել պաշտոնը։
Իրավաբանության հետ կապ ունեցող երկու պատգամավորներ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Հերիքնազ Տիգրանյանը կտրականապես հրաժարվում են ստանձնել նախարարի պաշտոն։
ՔՊ վարչությունում շատ են ուզում այդ պաշտոնին տեսնել Արփի Դավոյանին։ Վերջինս ընդհանրապես որևէ առնչություն չունի իրավաբանության հետ, բայց Փաշինյանի ամենամերձավոր կադրերից է, նրա կեղտոտ հանձնարարությունները կատարողը։
Դավոյանի թեկնածությանը, ըստ մեր աղբյուրի, դեմ է հենց Նիկոլ Փաշինյանը։ Արփի Դավոյանը նրան հարկավոր է խորհրդարանում՝ խմբակցությունը վերահսկելու, շշուկները «գերագույնին» հասցնելու համար։ ՔՊ-ում դեմ են նաև Սիսակ Գաբրիելյանի թեկնածությանը, թեև նրա համար լոբբինգ է անում անձամբ Փաշինյանի աներձագ Հրաչը։ Ամենամեծ շանսերը, այս պահին ունի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը գոնե իրավաբանական ինչ-որ կրթություն ունի։ Թեպետ խոսում են, որ կարող են նախարար նշանակել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանին։ Վերջինս առանձնապես վստահելի չէ՝ հաշվի առնելով նրա «լուսավորական» անցյալը, բայց խմբակցությունում էլ Կոնջորյանին հաշվի չեն առնում։ Ուստի, շառից-փորձանքից հեռու կարող են նշանակել նախարար՝ հետո հանելու, դուրս գցելու նպատակով։
Ալվինա Մակարյան