Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնին
Culture«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը հոկտեմբերի 17-ից 21-ը կանցկացնի «Եվրասիա-Կինոֆեստ» խորագրով միջազգային փառատոնը։ Կինոփառատոնի նախագահը հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանն է։ Այս մասին հայտնում է կազմակերպության տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ միջոցառումը կմիավորի եվրասիական երկրների կինոարդյունաբերության և կինոբիզնեսի ոլորտներն ու համայնքները Ռուսաստանի հենց սրտում՝ Մոսկվայում։
Փառատոնի նպատակն է հանդիսատեսի մոտ արթնացնել հետաքրքրություն իրենց երկրի պատմության և ավանդույթների նկատմամբ, բացահայտել տաղանդավոր կինոգործիչներին, ինչպես նաև աջակցել կինեմատոգրաֆի լավագույն գործերին։ Մասնակիցներին սպասվում են մրցութային ցուցադրություններ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպումներ տարբեր երկրների դերասանների և ռեժիսորների հետ։
Միջոցառմանը կմասնակցի կինոարտադրության ոլորտի 250 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ադրբեջանից և այլ երկրներից:
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է հետխորհրդային տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ Այն իրականացնում է ծրագրեր երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների համար, պրակտիկա և բիզնես առաքելություններ, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ: