ԱՄՆ-ն 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելին ռեկորդային 17,9 մլրդ դոլարի ռազմակшն օգնություն է տրամադրել. հետազոտություն
PoliticsԱՄՆ-ն, անցած տարվա հոկտեմբերի 7-ից առայսօր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի զինված ուժերի միջև շարունակվող թեժ հակամարտության ընթացքում, ռեկորդային 17,9 միլիարդ դոլար է ծախսել Իսրայելին ռազմական օգնության վրա: Այս մասին ասվում է Բրաունի համալսարանի «Պատերազմի ծախսերը» նախագծի զեկույցում, գրում է Times of Israel-ը:
Այս ծախսերը ներառում են նաև ՀԱՄԱՍ-ին աջակցող Եմենի հութիների կողմից իսրայելական, բրիտանական, ամերիկյան առևտրային նավերի վրա հարվածները ճնշելու ԱՄՆ ռազմածովային նավատորմի կողմից իրականացվող արշավի ծախսերը:
Ֆինանսական ծախսերը հաշվարկել է Հարվարդի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի պրոֆեսոր Լինդա Ջ. Բիլմեսը, որը հաշվարկել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից ի վեր ԱՄՆ-ի կողմից իրականացված բոլոր պատերազմական ծախսերը, ինչպես նաև հետազոտողներ Ուիլյամ Հարթունգը և Սթիվեն Սեմլերը:
Այս մեկ տարվա ընթացքում Իսրայելին ԱՄՆ-ի մատակարարած զենքի մեծ մասը զինամթերք էր՝ հրետանային արկերից մինչև ստորգետնյա բունկերների ոչնչացման զինամթերք և ճշգրիտ կառավարվող ռումբեր:
Ի տարբերություն Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային տրամադրված հրապարակայնորեն փաստաթղթավորված ռազմական օգնության, Իսրայելի պարագայում անհնար էր ստանալ ամբողջական մանրամասները, թե ինչ է ԱՄՆ-ն առաքել այս երկիր անցյալ հոկտեմբերի 7-ից ի վեր: Այսպիսով, տարվա կտրվածքով 17,9 միլիարդ դոլարը մասնակի թիվ է, կարծում են հետազոտողները:
Նրանք ընդգծել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերը՝ բյուրոկրատական մանևրումների միջոցով թաքցնելու օգնության ամբողջ ծավալը և մատակարարված համակարգերի տեսակները: