«ԱՎԻԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ». AMADEE-24 նախագիծը Հայաստանում
SocietyAMADEE (Austrian Mars Analogues for Deep Space Exploration) ծրագիրը ներկայացնում է Ավստրիական Տիեզերական Ֆորումի (OeWF) կողմից Երկրի վրա իրականացվող Մարսի սիմուլյացիոն առաքելություններ, որոնց նպատակն է նախապատրաստել և փորձարկել այն գործառույթները, գիտափորձերը, տեխնոլոգիաներն ու մեթոդները, որոնք կօգտագործվեն դեպի Մարս օդաչուավոր առաքելությունների ժամանակ։
AMADEE-24-ը Մարսի առաջին սիմուլյացիոն առաքելությունն էր, որն իրականացվեց Ավստրիական Տիեզերական Ֆորումի (OeWF) կողմից Հայաստանում։ Այս նախագծի շրջանակներում OeWF-ը համագործակցեց Հայաստանի Տիեզերական Գործակալություն ՓԲԸի հետ։
Իսկ այս անգամ մարտի 12-ից ապրիլի 5-ը, գործողություններն անցկացվեցին Արարատի մարզում Հայկական տիեզերական ֆորումի կողմից ստեղծված «Արմաշ» կայանում և դրա համար հատկացված հարակից տարածքում։
Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտ գտնվող լեռնային տարածքը, իր յուրահատուկ երկրաբանական և լանդշաֆտային պայմաններով, ընտրվեց որպես Մարսի մակերևույթի նմանակման վայր, որտեղ անալոգային աստղագնացները կարող էին փորձարկել Մարսի ապագա արշավախմբերի համար նախատեսված գործառույթներն ու գիտափորձերը։
Վեց անալոգային աստղագնացներ՝ Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Նիդերլանդներից և Իսպանիայից, չորս շաբաթ անցկացրին այդ վայրում՝ ապրելով և աշխատելով մեկուսացված պայմաններում: Նրանց մեկուսացումը նպաստում էր իրավիճակին, որը մոտ էր Մարսի վրա աշխատելու իրական պայմաններին և ռեժիմին։ Շրջակա տարածքում իրականացվող գիտարշավները սիմուլյացվում էին հատուկ նախագծված սկաֆանդրներով (անհատական հերմետիկ հագուստ), որոնք հագեցած էին անձնակազմի անդամների ֆիզիոլոգիական ցուցանիշներն արձանագրող ու վերահսկող սենսորներով և համակարգերով։ Բացի այդ, սկաֆանդրները ունեին մեխանիկական համակարգեր, որոնք նմանակում էին այն բեռնվածությունը, որն աստղագնացները կզգան Մարսի մակերևույթին աշխատելիս։
Անալոգային աստցագնացների առջև դրված էին տարբեր գիտական և գործառութային խնդիրներ, որոնք ներառում են սարքավորումների և ռոբոտների փորձարկումներ, գիտափորձերի անցկացում և կյանքի հետքեր փնտրելու մեթոդների կիրառում:
AMADEE24-ը կարևոր քայլ էր Մարսի ապագա օդաչուավոր առաքելությունների նախապատրաստման ճանապարհին: Այն նպաստեց ոչ միայն նոր տեխնոլոգիաների և մեթոդների մշակմանը, այլև ապահովեց երիտասարդ մասնագետների ներգրավվածությունն ու գիտելիքների խորացումը, ինչպես նաև ստեղծեց տեղական և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։
Գիտափորձին մասնակցեցին «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական կրթական ծրագրի մագիստրոսները՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնից, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից և Ինժեներական ասոցիացիայից` ամբիոնի վարիչ Անդրանիկ Աղաջանյանի ղեկավարությամբ։
Գիտափորձի ժամանակ ստեղծվեց հետաքրքիր տեխնիկական լուծումներով հագեցած տուրբին, որի փորձարկումները կշարունակվեն։
Նատալի Մինասյան