Ի՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Լողը սպորտաձև է, որի էությունը ամենակարճ ժամանակում որոշակի տարածություն լողալն է։ Լողը, անշուշտ, ամենահին մարզաձևերից է: Շատ դարեր առաջ են մարդիկ կենդանիներից ընդօրինակել լողի տարբեր մեթոդներ, որոնք օգնել են նրանց ձկնորսության, ափից ափ տեղափոխվելու կամ պարզապես պատերազմելու ժամանակ։ Լողի առաջին ոճը՝ «շնալողը», գոյատևել է մինչև 13-րդ դարը։ Հին Հունաստանում և Եգիպտոսում կատարված հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ այդ սպորտաձևի մասին առաջին գրավոր հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 2000-ական թվականներով: Այնուամենայնիվ, միայն 15-րդ դարի վերջին են Վենետիկում սկսել անցկացնել սպորտային լողի ամենամյա մրցումներ 30 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում։ Այն ժամանակ լողը ամենասիրված մարզաձևերից էր։
1538 թվականին դանիացի Վինմանի շնորհիվ լույս է տեսել առաջին ձեռնարկը, որտեղ նկարագրվում էին այն ժամանակվա լողի տարբեր մեթոդները։ 18-րդ դարում եվրոպական շատ երկրներում բացվել են լողի դպրոցներ, իսկ արդեն 19-րդ դարի կեսերին հայտնվել են արհեստական լողավազանները, որոնք թույլ են տվել լողով զբաղվել ամբողջ տարին։ 1889 թվականին անցկացվել է Եվրոպայի լողի առաջին առաջնությունը, իսկ 1896 թվականին լողը պաշտոնապես ներառվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ 1908 թվականին հիմնադրվել է սիրողական լողի միջազգային ֆեդերացիան (FINA), որը միավորում է շուրջ 90 ազգային ֆեդերացիա։ Լողի տեսակների զարգացման պատմությունը:
1. «Շնալող» ոճը ծագել է հին մարդկանց շրջանում, ովքեր ընդունել են կենդանիների սովորությունները, և այն ծառայել է որպես ծանծաղ ջրով դիմացի ափ անցնելու կամ գիշատիչից թաքնվելու միջոց։
2. «Բրաս» ոճից սկսել են ի հայտ գալ այլ ոճեր։ Ոճն ինքնին ծագել է մեր դարաշրջանից շատ առաջ: Եգիպտական «Լողորդի քարանձավներում» են հայտնաբերվել այն առաջին նկարները, որոնցում պատկերված են նետումային շարժումներ կատարող լող տվող մարդիկ:
3. «Կողայինը» լող է կողքի վրա, դա լողի հին ժողովրդական ոճ է, որը բարելավվել է բրիտանացիների կողմից 19-րդ դարում:
4. «Թրեջեն» լողի ոճը հորինել է անգլիացի Ջոն Թրեջենը 1783 թվականին. այս ոճը, որը հետագայում անվանվել է նրա անունով, օգտագործվում է երկար տարածություններում և օգնում լողորդներին նվազեցնել ֆիզիկական հոգնածությունը և հեշտացնել շարժումը:
5. «Կրոլ» ոճը հորինել է ավստրալիացի Ռիչարդ Քավիլը: Շուտով այն ճանաչում է ձեռք բերել և ներկայում հանդիսանում է լողի ամենահարմար և ամենաարագ տեսակը։ Այդ ոճով լողացող մարզիկները կարողանում են երկար տարածություններ անցնել առանց շուտ հոգնելու:
6. «Բատերֆլայը» լողի ամենադժվար ոճերից մեկն է: Այստեղ ձեռքի հարվածները նման են թիթեռի շարժումներին, որի անունով էլ այն կոչվում է: Բատերֆլայը համարվում է դասական բրասի արագընթաց տարբերակը: Այդ ոճը հայտնվել է 1800 թվականին: Յուրաքանչյուր առանձին լողի ոճի զարգացումը կապված է եղել որոշակի ժամանակաշրջանի հետ, և այդ ոճերի զարգացմանը զուգընթաց զարգացել է նաև լողը որպես մարզաձև:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում