Բառացիորեն ձեռքով պատրաստվող խմիչք՝ շատ հարուստների համար. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆրանսիական Կոնյակ նահանգում կան տասնյակ հայտնի կոնյակ արտադրողներ: Նրանցից ամենահներից մեկը Delamain կոնյակի տունն է։ Նրա պատմությունն սկսվել է 17-րդ դարի սկզբից, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ Շարանտում սկսեցին ստեղծվել կոնյակի թորման առաջին գործարանները։ Կոնյակի ամենահայտնի և հաջողակ արտադրողների թվում Delamain-ը, թերևս, ամենափոքր ընկերությունն է: Այդ ընկերությունն իր հաջողության համար պարտական է նրան, որ բոլոր Delamain կոնյակները մինչև հիմա ստեղծվում են բառացիորեն ձեռքով: Նույնիսկ ամենաաննշան մանրամասներին նման ակնածալից վերաբերմունքն է թույլ տալիս ստեղծել այնպիսի իդեալական խմիչքներ, որոնք սիրված են կոնյակի իսկական և շատ հարուստ գիտակների շրջանում: Արտադրելով կոնյակի բավականին սահմանափակ ծավալ՝ Delamain-ը Camus կոնյակի տան հետ միասին Կոնյակի տարածաշրջանում այդ ըմպելիքի վերջին ընտանեկան արտադրողներից մեկն է: Տան պատմությանը կարելի է հուսալիորեն հետևել մինչև 1759 թվականը, երբ Անրի Դելամենը Դուբլինից վերադարձավ Կոնյակ և որոշեց սկսել ալկոհոլի արտադրություն:
Անրիի նախնիները 1625 թվականից ապրել են Անգլիայում և Իռլանդիայում։ 1824 թվականին Անրի Դելամենի թոռը՝ Հենրին է իր զարմիկների հետ հիմնել Roullet & Delamain ընկերությունը, որը գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը, իսկ երբ Դելամեն ընտանիքը դարձավ ընկերության լիիրավ սեփականատերը, անունը փոխվեց Delamain & Co-ի։ Շատ փորձագետների կարծիքով , Delamain-ն այսօր լավագույն կոնյակ արտադրողներից է։ Եվ դա` չնայած այն հանգամանքին, որ կոնյակի տունը սեփական խաղողի այգիներ չունի։ Ընկերությունը գնում է 10-15 տարեկան թորվածքներ, արտադրում է խառնուրդ և շշալցնում պատրաստի արտադրանքը։
Օգտագործված բոլոր սպիրտները հնեցվում են բացառապես հին տակառներում, որոնց տարիքը հաճախ գերազանցում է վաթսուն տարին։ Delamain-ի վարպետները վստահ են, որ երիտասարդ տակառներում կոնյակը երկար հնեցնելիս «սպանվում են» խմիչքի բոլոր նուրբ բույրերը: Դելամեն ընտանիքը երբեք պայմանագրեր չի կնքում ալկոհոլի մատակարարման համար: Ալկոհոլի բոլոր գնումները կատարվում են տարածաշրջանի փոքր թորման գործարաններից՝ համտեսի երկար ընթացակարգից հետո: Delamain շարքի «ամենաերիտասարդ» կոնյակը Pak&Dry կոնյակն է, որը 25 տարվա հնեցման է։ Մի քանի խոսք էլ պետք է ասել կոնյակի ստեղծման ժամանակ թնդությունը նվազեցնելու մեթոդի մասին։ Դելամեն տան վարպետներն անընդունելի են համարում կոնյակի խառնուրդը թորած ջրի հետ խառնելը։
Նրանք կարծում են, որ այդ կերպ խմիչքի ներդաշնակությունը խախտվում է։ Թնդությունը իջեցնելու համար ընտանիքն օգտագործում է սպիրտ՝ ջրով նոսրացված մինչև 15 աստիճան: Ավելին, այդ ռեդուկցիայի գործընթացն ինքնին մի քանի տարի է տևում։ Delamain-ի վարպետների քրտնաջան աշխատանքի արդյունքը շշալցվում է ձեռքով, ձեռքով խցանվում է հին ավանդույթների համաձայն, ապա նաև ձեռքով պիտակավորվում է: Մանրուքների նկատմամբ ուշադրությունն է, որ Delamain կոնյակը դարձնում է աշխարհի լավագույններից մեկը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում