Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն տանում են հակառուսական քաղաքականություն, շարունակաբար փչացնում են հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, ինչը, ըստ շատ փորձագետների ու քաղաքական գործիչների, կարող է ծանր հետևանքների հասցնել: Այս ֆոնին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն ընդունել է «Իմ երկիր՝ իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանին: Կարասինը առանձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ներկայում «միասին անցնում են դժվարին ու պատասխանատու պատմական փուլ»: Նրա խոսքերով, երկու երկրները պետք է զարգացնեն տնտեսական, մշակութային և միջազգային կապերը: «Այդ գործում նշանակալի տեղ ունեն հասարակական շարժումները: Ռուս խորհրդարանականները պատրաստ են նպաստել այդպիսի աշխատանքին»,-ասել է Կարասինը:
Ի հակադրություն Հայաստանի իշխանությունների հակառուսական տրամադրությունների, Մհեր Ավետիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը ավանդաբար պահպանում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները: «Ռուսաստանը հանդիսանում է խաղաղության և ավանդական արժեքների պահպանման երաշխավոր»,-ասել է Ավետիսյանը: Ի դեպ, ուշագրավ է, որ չնայած այցելող կողմը պաշտոնատար անձ չէ, այլ հասարակական-քաղաքական գործիչ, հանդիպումը լուսաբանվել է Դաշնային խորհրդի պաշտոնական կայքում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում