ԱՄՆ աջակցությունը Փաշինյանին
AnalysisԵրեկ հրապարակվել են Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) հարցումները, որոնց արդյունքները չափազանց տարօրինակ են։ Ըստ այդ հարցումների, Հայաստանի քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցումն անցկացվել է 1 503 քաղաքացիների շրջանում՝ սեպտեմբերին։
Ըստ հարցման արդյունքների՝ քաղաքացիների 16 տոկոսն ասել է, որ վստահում է Փաշինյանին։ 4 տոկոսը հայտնել է, որ վստահում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նույն չափի է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հայտնած վստահությունը։ Հարցվածների երկու տոկոսն ասել է, որ վստահում է Ռոբերտ Քոչարյանին, ևս երկու տոկոսը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Հարցվածների 61 տոկոսը պատասխանել է՝ ոչ մեկին չի վստահում։
Ո՞ւմ կընտրեին քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրություններ լինեին հաջորդ շաբաթ։ Հարցված 1 503 քաղաքացիների 20 տոկոսը պատասխանել է՝ Քաղաքացիական պայմանագրին, 3 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին, 2 տոկոսը «Հայաստան» դաշինքին, 2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, նույնքան՝ ՀՅԴ-ին և Արամ Սարգսյանի «Հանրապետությանը»։ 29 տոկոսն ասել է, որ չի մասնակցի քվեարկությանը, 18 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ։
Հարցման մեջ չկա «Սրբազան պայքարի» և նրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունը։ Անհնար է, որ «Սրբազան պայքարը» հանրային այնքան ցածր վստահություն ունենար, որ մեկ-երկու տոկոս չնշեր ընդդիմադիր շարժման անունը։
Այս հարցումը վկայում է, որ Արևմուտքն ինչ-որ պատրաստություններ է տեսնում Հայաստանում, և այսօրվանից փորձում են հանրությանը համոզել, թե Նիկոլ Փաշինյանին այլընտրանք չկա։
Շուշան Անտոնյան