Ամերիկյան հարցումները վկայում են հանրային անվստահության մասին
AnalysisՀայաստանցիների 61 տոկոսը որևէ քաղաքական կամ հասարակական գործչի չի վստահում, փաստում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր համապետական հարցումը։ Համաձայն այդ հարցումների՝ հայաստանցիների 16 տոկոսի համար վստահելի գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նրա վարկանիշն, ի տարբերություն 23-ի սկզբին անցկացված հարցումների, ավելացել է 2 տոկոսով։ 4-ական տոկոսի համար արտգործնախարար Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը Արամ Սարգսյանն են վստահելի, 2 տոկոսը վստահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ևս 2 տոկոսը՝ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։
Իհարկե, կարելի է և պետք է կասկածով վերաբերվել IRI-ի այս հարցումներին, բայց 2020 թ. պատերազմից հետո Փաշինյանին գրեթե միշտ այդքան տոկոս են ցույց տվել։ Հաշվի առնելով վարչական ռեսուրսը, գործող իշխանությունների հետևորդների թիվը, նրա ստացած տոկոսները տրամաբանական են։
Մշտապես ցածր են ընդդիմադիր գործիչների վարկանիշը, ինչը վկայում է, որ մինչ օրս գոյություն ուենցող ընդդիմադիր շարժումները 4 տարուց ավելի ձախողվում են, չեն կարողանում իրական այլընտրանք դառնալ գործող վարչախմբի համար։
61 տոկոսի անվստահությունն է, որ Փաշինյանին դեռ պահում է իշխանության ղեկին, այլընտրանք ունենալու դեպքում մարդիկ անվարան կընտրեին ցանկացածին, բայց ոչ Փաշինյանին։ Այս փաստը վկայում է, որակապես նոր, իրապես ազգային ընդդիմություն ունենալու հանրային պահանջը, որի վրա էլ պետք է աշխատեն քաղաքական ուժերը։
Էմիլիա Մակարյան