ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին
AnalysisՀայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում իշխանությունն առաջիկա օրերին անցնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ահաբեկումներով և զորբայությամբ խլել իշխանությունը «Բալասանյան» դաշինքից։ Անցած տարվա դեկտեմբերին կոալիցիոն հուշագրի խզումն ազդակ էր, որ ՔՊ-ն այլ նպատակներ ունի Գյումրիում, իսկ «Բալասանյան» դաշինքի ու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի պաշտոնավարումը երկար չի տևելու։
Օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում էր կայացվել: Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Մեղադրյալների թվում է նաև նրա կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը: Վերջինիս ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում, ապա խոշոր գրավի դիմաց տնային կալանք նշանակել։ Վարույթով 5 մեղադրյալ կա. Բալասանյաններից բացի մեղադրյալներ են Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետերն ու ևս մեկ անձ։ Ինքը՝ Սամվել Բալասանյանը երկրում չէ, բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ՔՊ-ն մինչև վերջ խորացրել է ճնշումները։
Մեր տեղեկություններով, Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար են նշանակելու Աննա Հակոբյանի բարեկամին, որից հետո ՔՊ-ն գնալու է արտահերթ ընտրությունների։ Ընդ որում, Գյումրիում փորձելու են համապետական ընտրությունների փորձ իրականացնել, որը հաջողելուց հետո անցնեն խորհրդարանական նոր ընտրություններ նշանակելուն։
Դիանա Ղարայան