Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»
Culture«Փաստ» օրաթերթը գրում է.
Մոսկվայում կայացավ «Եվրասիա-Կինոֆեստ» առաջին միջազգային կինոփառատոնը, որը համախմբել է ավելի քան 5 հազար մարդու։ Միջոցառման կազմակերպիչը «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն էր, որի նպատակն է ամրապնդել ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ Կինոփառատոնի նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը կինոփառատոնը գնահատել է որպես ֆանտաստիկ: Միջոցառման համար, որ անցկացվում է առաջին անգամ, այն էլ՝ հոկտեմբերին, զարմանալի է 5 հազար հանդիսատեսի թիվը»,-ասել է նա: Փառատոնի հյուրերն էին 18 երկրի հայտնի դերասաններ, ռեժիսորներ, լրագրողներ, կինոքննադատներ։
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է 53 ֆիլմ։ Ֆիլմերը գնահատել է միջազգային ժյուրին։ Թիմի կազմում էին Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ելենա Ցիպլակովան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Ռուստամ Սագդուլլաևը և կինոարդյունաբերության այլ հայտնի գործիչներ։ «Եվրասիա-Կինոֆեստ»-ին հաղթել է 12 ֆիլմ։ Ռեժիսորներն ու դերասանները արժանացել են կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Եվրասիայի արձանիկին, որը խորհրդանշում է մայրցամաքի երկրներում ապրող մարդկանց մշակույթի փոխանակումը։ Փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է ռուս-ղազախական «Ծիծեռնակ» ֆիլմին, որի ռեժիսորն է Մալիկա Մուհամեջանը։
Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի՝ լավագույն ռեժիսորական որոշման համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում