Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, կուլտուրայի ֆակուլտետում բացվեց հայ պետական գործիչ, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Սերգո Երիցյանի անունը կրող լսարան
SocietyՀայաստանի պետական մանկավարժական համալսարանի, կուլտուրայի ֆակուլտետում բացվեց հայ պետական գործիչ, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր՝ Սերգո Երիցյանի անունը կրող լսարան։
Երիցյան ընտանիքի նախաձեռնությամբ նորոգված և կահավորված լսարանի բացման պատիվն ընձեռվեց որդուն՝ Սարգիս Երիցյանին։
«Հեռուստալրագրությունը նման է հավերժական սիրո, որից բաժանվելն այլևս անհնարին է»,- վաստակաշատ լրագրող Սերգո Երիցյանի հայտնի այս տողերն են զարդարում նրա անունը կրող լսարանի պատերից մեկը։
Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ՝ Լևոն Գալստյանն արժևորեց լրագրողական մանկավարժության մեջ մեծ ներդրում ունեցած Սերգո Երիցյանի անցած ուղին և խորհրդանշական համարեց, որ անվանի լրագրողի անունը կրող լսարանը բացվում է Հայկական մամուլի օրը․«Սերգո Երիցյանը ոչ միայն հայտնի հեռուստալրագրող էր իր հանրահայտ «Կարծիք» հաղորդաշարով, այլև ճամփորդական ակնարկներով, բազմաթիվ հետաքրքիր այլ նախաձեռնություններով։ Նրա մյուս և շատ էական վաստակն այն էր, որ ակադեմիական հիմքերի վրա դրեց լրագրողական կրթությունը․ բոլորը գիտեն՝ բուհական համակարգում անհնար է կազմակերպել լրագրողական կրթություն առանց նրա հայտնի ձեռնարկների, մենագրությունների և բազմաթիվ հոդվածների»,- նշեց Լևոն Գալստանը։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն հայտնեց Երիցյան ընտանիքին նախաձեռնության համար և ընդգծեց՝ չափազանց կարևորում է մասնագիտական ձեռագրաբանությունը, իսկ պրոֆեսոր Երիցյանի անունը կրող լսարանը հնարավորություն կտա սովորել մասնագիտական ոլորտում ամենակարևորը, հասականալ լրագրության մեջ բովանդակային այն յուրահատկությունները, որոնք պայմանավորում են նրա անհատականությունը։
Լսարանի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև պրոֆեսոր Երիցյանի գործընկերները, ընկերները, ուսանողներ։
Սերգո Երիցյանի որդին՝ Սարգիս Երիցյանը նշեց, որ լսարանի շնորհիվ ուսանողների հետ կմնա ոչ միայն սիրելի մանկավարժի անունը, այլև հնարավորություն կլինի մեկ մարդու անցած ճանապարհով, ճակատագրով, կրթական, դաստիարակչական գործունեությամբ ուսանել ու կերտել սեփական ճանապարհը։
Ներկաները նաև դիտեցին Հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոսական կազմի համատեղ ջանքերով ստեղծված Սերգո Երիցյանին նվիրված «Շարունակվող ճամփորդություն» վավերագրական ֆիլմից մի հատված՝ մարդկային մեկ ճակատագրի պատմություն՝ անցյալից դեպի ապագան գնացող ուղերձներով։
Մարինկա Ալեքսանյան