Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg
EconomicsՆավթի համաշխարհային գները 5%-ով նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» հարվածից հետո, գրում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ գները բարձրացել էին այն մտավախության ֆոնին, որ Իսրայելը կհարվածի Իրանի նավթային, միջուկային օբյեկտներին: Սակայն Իսրայելը սահմանափակվել է միայն ռազմական թիրախներով:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 73 դոլար (ուրբաթի՝ հոկտեմբերի 25-ի սակարկությունների ժամանակ, այն մոտ 75 դոլար էր), իսկ նոյեմբերին մատակարարվելիք WTI նավթի գինը նվազել է մինչև 68 դոլար։
Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումից հետո գներն աճել էին, իսկ Brent-ի գինը հասել էր 80 դոլարի:
Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի երեք նահանգներում (Թեհրան, Խուզեստան, Իլամ) գտնվող ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր, «սահմանափակ վնաս» է հասցրել երկրին, և Իրանի նավթային արդյունաբերությունը աշխատում է սովորական ռեժիմով առանց խափանումների:
Infrastructure Capital Advisors-ի գործադիր տնօրեն Ջեյ Հեթֆիլդի կարծիքով՝ ապագայում գները կվերադառնան 75-95 դոլարի սահմանին։
Միևնույն ժամանակ, Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինը զգուշացրել է, որ նավթի շուկայի վերաբերյալ մտահոգությունները պահպանվում են.«Չեմ կարծում, որ այս (իսրայելական) հարձակումը կավարտի մարտերը, Իրանը կփորձի պատասխանել»:
Lipow Oil Associates-ի նախագահ Էնդի Լիպոուն կարծում է, որ նավթի համաշխարհային գները ճնշման տակ կմնան մինչև 2024 թվականի վերջը և «տեսանելի ապագայում դժվար թե հասնեն 80 դոլարի»: