«Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի». «Փաստ»
Politics«Փաստ» օրաթերթը գրում է.
electorat.info–ն իր «Վլադիմիր Բրուտեր. Խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե Երևանը նորից ինչ-որ բան զիջի Բաքվին» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծն այժմ համաձայնեցված է 80-90 տոկոսով։ Կա՞, արդյոք, համաձայնագրի ստորագրման հավանականություն, electorat. info-ն հարց է ուղղել Հումանիտար-քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերին։ Վերջինս շեշտը դրել է այն փաստի վրա, որ Բաքուն ներկայում մտածում է նույն կերպ, ինչ Երևանն էր մտածում ավելի վաղ:
«Բաքուն առաջ է քաշում մեկ պահանջ, այն է՝ պաշտպանված ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան: Այսինքն, ըստ էության, դա փաստարկվում է այն նույն կատեգորիաներով, որոնցով Երևանը հիմնավորում էր Ղարաբաղից դեպի Հայաստան անցնող Լաչինի միջանցքը»,ասել է փորձագետը։ Բացի այդ, փորձագետը ենթադրություն է արել խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների մասին։ «Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա վերջնաժամկետը կպահպանվի, եթե Փաշինյանը համաձայնի ամեն ինչին: Պատկերացրեք, Փաշինյանը, որը տվել է այն ամենը, ինչ կարելի էր տալ, հիմա էլ դրա պատճառով պետք է զիջի Հայաստանի տարածքների մի մասը: Նա ասում է. «Ես դրա տակ չեմ ստորագրել»:
Նրան պատասխանում են. «Մեր ի՞նչ գործն է, բարի եղիր ստորագրել, և այնուհետև մենք ձեզ խաղաղության պայմանագիր կտանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կբացենք սահմանները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել առևտուրը և արագ դառնալ ԵՄ-ի կամ ՆԱՏՕ-ի թեկնածու: Այն, ինչ ուզում ես, քո հաշվին է լինելու»։ Այսպիսով, Փաշինյանին բացատրում են, որ բացի իր մոտեցումներից, կան նաև ուրիշ մոտեցումներ»,- պարզաբանել է նա։ Բրուտերը նաև նշել է Փաշինյանի ջանքերի մասին՝ Արևմուտքի ուշադրությունը հրավիրել տեղի ունեցողին, չնայած վերջինս շահագրգռված չէ ուժեղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ «Փաշինյանը փորձում է Արևմուտքին ներառել, որպեսզի նա ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա, բայց, ինչպես միշտ, Արևմուտքն այնքան կճնշի, որ Ադրբեջանը հարմարավետ զգա: Դա տիպիկ արևմտյան մոտեցում է: Նրանք մեծ ճնշում են գործադրում միայն նրանց վրա, որոնց վրա պետք է ճնշում գործադրել: Արևմուտքը միայն կձևացնի, որ ճնշում է գործադրում»,-ասել է փորձագետը:
Վլադիմիր Բրուտերը նաև գնահատել է խաղաղության համաձայնագրի ստորագրման հավանականությունը: «Եթե հայերը ինչ-որ այլ բան զիջեն Բաքվին, որոշ արևմտյան խաղաղապահներ բերեն, հնարավոր է, որ նրանք ինչ-որ բան ստորագրեն: Խոսել հայկական կողմի մտադրությունների մասին, այսինքն՝ արդյո՞ք կհամաձայնի «Զանգեզուրի միջանցքին», դժվար կլինի, բայց Բաքուն, իհարկե, առանց դրա ոչինչ չի ստորագրի: Նա հիմա իրեն հաղթող է զգում, ինչո՞ւ պետք է հրաժարվի այն բոնուսներից, որոնք կարող է ստանալ: Արդյո՞ք նրան պետք է շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել: Իհարկե՝ ոչ, նրա համար այսպես էլ լավ է», -եզրափակել է փորձագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում