Հս. Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել. Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը դատապարտել են
International newsԿորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն «շատ կարևոր փորձարկում» է անցկացրել՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է eadaily.com-ը:
Փորձարկման հրապարակում նա ելույթ է ունեցել, որտեղ ընդգծել է, որ իր երկիրը ոչ մի դեպքում չի շեղվի միջուկային զինված ուժերի հզորացման ուղուց։ Կորեայի Հանրապետության զինվորականների տվյալներով՝ ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնական ծովի ուղղությամբ արձակված հրթիռը թռել է մոտ 1,000 կմ։
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեայի Հանրապետությունը խստորեն դատապարտել են ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա-Խմբ.) կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը և դա համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևերի խախտում:
Հյուսիսային Կորեայի հարցերով նրանց հատուկ ներկայացուցիչները նաև վերահաստատել են այն դիրքորոշումը, որ Փհենյանի գործողությունները «լուրջ և անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար», ինչպես նաև մարտահրավեր են ամբողջ միջազգային հանրությանը:
Տոկիոն, Վաշինգտոնը և Սեուլը պայմանավորվել են նաև շարունակել սերտ համագործակցությունը, մասնավորապես՝ համատեղ տարածաշրջանային զսպման ուժերի ամրապնդման ոլորտում: