Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով. որոշում
SocietyՀայաստանում աշխարհազորի համակարգը կվերակազմակերպվի տեղական պաշտպանության ուժերի ներդրմամբ։
Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Պաշտպանության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 2020 թ. հոկտեմբերին սահմանվել են աշխարհազորի համակարգը, որի ղեկավարներն էին հանդիսանալու համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Նրանք պետք է ապահովեին աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման ապահովման գործընթացը: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում` աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից:
«Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից: Ըստ կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցելու ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին, ինչպես նաև դրանց ձևավորումը կդրվի բացառապես պաշտպանության համակարգի վրա»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Բացի այդ, առաջարկվում է ՀՀ պաշտպանության պլանում ներառել ՀՀ տարածքային պաշտպանության պլանը:
Օրենսդրական այս փոփոխությունների փաթեթը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։