Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ
SocietyԱրագածոտնի մարզում խարդախության դեպք է բացահայտվել: ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում փաստաթղթեր են ստացվել, որ այս տարվա փետրվարի 24-ից հուլիսի 23-ի ընթացքում «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Ալվարդ Ղ․-ի անվամբ բացված դրամային հաշվին ձևավորվել է շուրջ 10 միլիոն դրամ, որից շուրջ 7,8 միլիոն դրամը մուտքագրվել է կանխիկ՝ մի շարք ֆիզիկական անձանց կողմից տարբեր նպատակներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը բացահայտվել է հոկտեմբերի 29-ին: Ըստ ստացված տեղեկությունների՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 46-ամյա Արմինե Խ․-ն ցանկացել է գումար մուտքագրել Ալվարդ Ղ․-ի հաշվին՝ նշելով, որ վերջինիս միջոցով իր հարազատից ստանալու է շուրջ 10,000 ԱՄՆ դոլար, որի համար պետք է փոխանցի շուրջ 1 միլիոն դրամ: Բացի այդ, Երևանի բնակիչ 41-ամյա Մարինե Մ․-ն զանգահարել է բանկ և նշել, որ Ալվարդ Ղ․-ն Instagram սոցիալական կայքի միջոցով առաջարկել է աշխատանք, որի գրանցումն իրականացնելու համար պահանջել է կատարել վճարում, սակայն գումարը փոխանցելուց հետ Instagram-ի տվյալ օգտահաշիվը ջնջվել է:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ-ի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: