Երևանը կհյուրընկալի աննախադեպ սերբ-հայկական երաժշտական համերգ
CultureԵրևանի մշակութային գունագեղ կյանքը շուտով կհարստանա բացառիկ երաժշտական իրադարձությամբ, որը կմիավորի սերբական և հայկական ավանդույթները. նոյեմբերի 12-ին, ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա անվանի հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի մենահամերգը: Համերգը 1900+ շարքի մասն է, որը նվիրված է 20-րդ դարի տարբեր ազգերի երաժշտությանը և այն ներառում է մեծանուն սերբ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Այս համերգը, որը 1900+ շարքի 21-րդ միջոցառումն է, նվիրված է նաև Սերբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Այն ունկնդրին հնարավորություն է ընձեռում բացահայտելու և վայելելու երկու երկրների հարուստ երաժշտական ժառանգության գլուխգործոցները: Ծրագրում ընդգրկված են սերբ հայտնի կոմպոզիտորներ Կորնելիե Ստանկովիչի, Մարկո Տայչևիչի, Միլոյե Միլոյևիչի, Ստևան Մոկրանյացի, Վասիլյե Մոկրանյացի, Լյուբիցա Մարիչի, Դեյան Դեսպիչի, ինչպես նաև հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Հայկ Մելիքյանի և Էլեն Յոլչյանի ստեղծագործությունները: Էլեն Յոլչյանի «Սողոմոն» ստեղծագործությունը, որը նվիրված է Կոմիտասի 155-ամյակին, նոյեմբերի 12-ին առաջին անգամ կհնչի համերգի շրջանակներում:
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Սերբիայի դեսպանության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համագործակցությամբ՝ ընդգծելու սերբ-հայկական ամուր մշակութային կապերը:
1900+ նախագիծը մեկնարկել է 2009թ. ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ՝ և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է մոտ քսան համերգներ, այդ թվում ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական և այլ ազգերի կոմպոզիտորների ստեղծագործությունների ծրագրեր: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները: 1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում: 2024թ. Մարտին Հայկ Մելիքյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդլաով՝ նախաձեռնության 15-ամյա հոբելյանի շրջանակում։
Կապ՝ 091 374 505